հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Աշտարակում օծվել է զոհված ոստիկանների հիշատակը հավերժացնող խաչքար (տեսանյութ)

Աշտարակում օծվել է զոհված ոստիկանների հիշատակը հավերժացնող խաչքար (տեսանյութ)

Հուլիսի 28-ին ոստիկանության Աշտարակի բաժնում տեղի է ունեցել հանուն հայրենիքի կյանքը զոհաբերած ոստիկանների հիշատակը հավերժացնող խաչքարի օծման արարողություն, որին մասնակցում էր ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանը։

Արարողությանը ներկա էին ոստիկանության պետի տեղակալներ, իրավապահ կառույցների, քաղաքային իշխանության ներկայացուցիչներ, հանուն հայրենիքի զոհված ոստիկանների հարազատներ, ոստիկանության ծառայողներ։
Խաչքարը բացել է ոստիկանության զորքերի զոհված ծառայողներ՝ եղբայրներ Սամվել և Տիգրան Մելքոնյանների հայրը՝ Եղիշե Մելքոնյանը։

Կատարվել է խաչքարի օծման արարողություն, ինչից հետո ներկաները ծաղիկներ են խոնարհել և հարգանքի տուրք մատուցել հանուն հայրենիքի իրենց կյանքը զոհած ոստիկանների հիշատակը հավերժացնող խաչքարին։

Ոստիկանության պետն ու բարձրաստիճան սպաները շրջել են նաև ոստիկանության Աշտարակի վերանորոգված բաժնում, ծանոթացել կատարված աշխատանքին, եղել հանուն հայրենիքի զոհված ոստիկանների հուշապատի մոտ։

Աշտարակից և հարակից գյուղերից 44-օրյա պատերազմում զոհվեցին ոստիկանության 8 ծառայողներ՝ եղբայրներ Սամվել և Տիգրան Մելքոնյանները, Կարապետ և Գևորգ Մելքոնյանները, Լևոն և Արմեն Անթանյանները, Արտյոմ Բալայանը և Հայկ Գևորգյանը, իսկ Արցախյան առաջին պատերազմում զոհվել է ոստիկանության ծառայող Բաղդասար Ալեքսանյանը։

  • Կիսվել: