ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Աշխատողի իրավունքի պաշտպանության համար կստեղծվի նոր հարթակ

Աշխատողի իրավունքի պաշտպանության համար կստեղծվի նոր հարթակ

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը նախատեսում է ստեղծել աշխատողների իրավունքների պաշտպանության նոր օնլայն հարթակ։ Այս մասին տեղեկացնում են տեսչական մարմնից:

Նոր օնլայն հարթակը կունենա որոշակի ընդհանրություններ Իրավաբանների հայկական ասոցիացիայի գործարկած bizprotect.am կայքի հետ, որը նախատեսված է բիզնեսից անանուն ահազանգերի ստացման համար։

ԱԱՏՄ-ն նախատեսում է առաջիկա ամիսներին ՄԱԿ-ի աջակցությամբ եւ Իրավաբանների ասոցիացիայի հետ գործակցությամբ գործարկել իր այս համակարգը, որով կընդունվեն անանուն դիմում-բողոքներ աշխատողների իրավունքների հնարավոր խախտումների մասին։ Տեսչական մարմինը կքննարկի եւ իր լիազորությունների շրջանակում ընթացք կտա դրանց։ Նոր համակարգով բողոքաբերը կարող է մնալ անանուն, չի բացահայտվի նրա համակարգչի IP հասցեն։

Նոր կայքի ստեղծմանը կհաջորդեն հանրության իրազեկման եւ դրանով աշխատելու՝ տեսչական մարմնի աշխատակիցների ուսուցման աշխատանքներ։Նախաձեռնության նպատակն աշխատանքային իրավունքների վերահսկողության եւ տեսչական մարմնի հանդեպ վստահության բարձրացումն է։

Նախորդիվ թեմային առնչվող հարցեր են քննարկվել հեռավար հանդիպման ընթացքում, որին մասնակցել են ՀՀ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանը, ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանը, Հայաստանում ՄԱԿ-ի զարգացման գրասենյակի ներկայացուցիչ Մարինա Մալխասյանը Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը, ԱԱՏՄ ներկայացուցիչներ եւ այլ գործընկերներ։

Արտակարգ դրության հետևանքով ստեղծված իրավիճակում կատարված օրենսդրական եւ ԱԱՏՄ կանոնադրության փոփոխություններով ԱԱՏՄ-ն այսուհետ իրավունք ունի գրավոր դիմումի հիմքով քննարկել և աշխատողների խախտված իրավունքները վերականգնելու միջոցներ ձեռնարկել: Սակայն լինում են դեպքեր, երբ աշխատողն իր աշխատանքային խախտված իրավունքները բարձրաձայնելիս նախընտրում է անանուն մնալ։

  • Կիսվել: