հինգշաբթի, հուլիս 30
30 / 7 / 2026
Հայաստանը գնում է տվյալների պաշտպանության եվրոպական ստանդարտի ամբողջական ներդրման ուղղությամբ․ Արփինե Սարգսյան

Հայաստանը գնում է տվյալների պաշտպանության եվրոպական ստանդարտի ամբողջական ներդրման ուղղությամբ․ Արփինե Սարգսյան

Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը ներկայացրել է անձնական տվյալների պաշտպանության ոլորտում նախատեսվող ինստիտուցիոնալ և օրենսդրական փոփոխությունները։

Նախարարի խոսքով՝ տվյալների պաշտպանության ոլորտում Հայաստանի առջև դրված հիմնական ակնկալիքը լիարժեք գործող, անկախ և ինստիտուցիոնալ առումով կայուն վերահսկող մարմնի ձևավորումն է։ Այն պետք է ունենա օրենքով սահմանված մանդատ, բավարար ռեսուրսներ և գործառնական ինքնավարություն՝ ինչպես պետական, այնպես էլ մասնավոր հատվածներում անձնական տվյալների մշակման նկատմամբ վերահսկողություն իրականացնելու համար։

Արփինե Սարգսյանը նշել է, որ այս գործընթացը ենթադրում է տվյալների պաշտպանության խիստ և ժամանակակից կանոնների ներդրում՝ եվրոպական մոտեցումներին, մասնավորապես՝ ԵՄ Տվյալների պաշտպանության ընդհանուր կանոնակարգի՝ GDPR-ի, 108+ կոնվենցիայի և ԵՄ համապատասխան իրավական գործիքների տրամաբանությանը համահունչ։

Նրա խոսքով՝ Հայաստանն այս ուղղությամբ արդեն ծավալուն աշխատանք է իրականացրել՝ ինչպես իրավական շրջանակը համապատասխանեցնելու, այնպես էլ անհրաժեշտ կառուցվածքային և ինստիտուցիոնալ հիմքեր ձևավորելու ուղղությամբ։

Նախարարը տեղեկացրել է, որ GDPR-ին համահունչ տվյալների պաշտպանության ստանդարտը մշակվելու է ՀՀ արդարադատության նախարարության կողմից և ամրագրվելու է օրենքով։ Այն տարածվելու է ինչպես պետական, այնպես էլ մասնավոր հատվածների վրա։

Պետական համակարգի մարմիններում նախատեսվում է ներդնել նաև տվյալների պաշտպանության պատասխանատուների՝ Data Protection Officer-ի ինստիտուտը։

Արփինե Սարգսյանն ընդգծել է, որ ընդհանուր ուղղությունը հստակ է․ Հայաստանը գնում է տվյալների պաշտպանության եվրոպական ստանդարտի ամբողջական ներդրման ճանապարհով, որի առանցքում անկախ վերահսկողությունը, պատասխանատվությունն ու անձնական տվյալների պաշտպանության բարձր մակարդակի ապահովումն են։
 

  • Կիսվել: