Աշխարհի բոլոր ծայրերից Իրան ժամանած հայերի ներկայությամբ Սուրբ Թադեի վանքում կայացել է պատարագի ամենամյա արարողությունը
Աշխարհի բոլոր ծայրերից ժամանած հայերի ներկայությամբ, Իրանի Չալդորանում գտնվող Սուրբ Թադեի վանքում կայացել է պատարագի ամենամյա արարողությունը, գրում է parstoday.com-ը:
Իրանի ռադիոհեռուստատեսության հայերեն ռադիոժամի հաղորդման համաձայն՝ կորոնավիրուսային սահմանափակումների չեղարկումից հետո, այս տարի 68-րդ անգամ անցկացվել է Սուրբ Թադեի վանքի ուխտագնացությունը:
Այսօր երեկոյան Իրանի հայերեն ռադիոժամի թղթակիցը կներկայացնի ուխտագնմացության մասին պատմող ռադիոռեպորտաժ:
Սուրբ Թադեոսի (Թադեի) վանքը տնվում է Իրանի Մակուի շրջանում: Կառուցվել է Հայ առաքելական եկեղեցու հիմնադիր համարվող առաքյալներից մեկի՝ Թադեոսի հիշատակին:
Սուրբ Թադեոս առաքյալի վանքը և նրա շուրջ ծավալված ուխտագնացությունը Իրանի Իսլամական Հանրապետությունում հայկական դարավոր մշակութային ներկայության և շարունակականության, մշակութային, կրոնական ինքնատիպությունը պահպանելու ջանքերի ու հաջողումների առանձնահատուկ երկխոսության վկայությունն է: Այն հատուկ նշանակություն ունի ողջ հայության համար: Ամեն տարի` հուլիս ամսին նախանշված օրերին, կազմակերպվում է Թադեոս առաքյալին նվիրված եռօրյա ուխտագնացություն, և բազմաթիվ հայ քրիստոնյաներ Իրանից, Հայաստանից ու արտերկրից մասնակցում են այդ ուխտագնացությանը: Տեղի են ունենում պատարագ, մատաղի արարողություններ, մկրտություններ, ժողովրդական երգ ու պար:
Իրանի Արևմտյան Ատրպատական նահանգի մշակութային ժառանգության, զբոսաշրջության և ձեռարվեստի գրասենյակի գլխավոր տնօրեն Ջալիլ Ջաբարիի խոսքով, արարողությանը մասնակցել են մեծ թվով հայեր Իրանից, Հայաստանից և այլ երկրներից։
Եռօրյա ուխտագնացության առաջին 2 օրերին եկեղեցում և շրջակայքում տեղի են ունենում մշակութային տարբեր միջոցառումներ՝ մանուկների և երեխաների մկրտություն, հարսանեկան արարողություններ, մոմավառություն, իսկ երրորդ առավոտյան հիմնական արարողությունը սկսվում է եկեղեցու զանգի ղողանջով։
Ուխտագնացությունը կազմակերպում է Հյուսիսային Իրանի Հայոց թեմը:
2008 թ. Իրանի Իսլամական Հանրապետության ներկայացմամբ Թադեի վանքը Ս. Ստեփանոս և Ծործոր վանքերի հետ «Հայկական եկեղեցիները Իրանում» անվամբ գրանցվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում:
Ամեն տարի, աշխարհի տարբեր ծայրերից ժամանած ուխտավորների մասնակցությամբ, եկեղեցում կայացել է ամենամյա պատարագը: