հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
ԱԻՆ-ը Խոսրովի անտառում ուսումնավարժություն է անցկացրել

ԱԻՆ-ը Խոսրովի անտառում ուսումնավարժություն է անցկացրել

Կառավարում, հրդեհաշիջում, փրկարարական աշխատանքների իրականացում, հոգեբանական և բժշկական ապահովում. Արտակարգ իրավիճակների նախարարությունը «Խոսրովի անտառ պետական արգելոցի» տարածքում անցկացրել է «Անտառային տարածքներում առաջացած խոշոր հրդեհների մարման աշխատանքների իրականացումը» թեմայով ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություն:

Աշխատանքներին ներգրավվել է 26 միավոր հատուկ տեխնիկա, 106 փրկարար, 71 կամավոր, նաև անօդաչու թռչող սարքեր և պաշտպանության նախարարության ավիացիայի մեկ ուղղաթիռ: Գործողություններն իրականացվել են երկու տեղամասերում՝ արգելոցի Արարատի և Կոտայքի տեղամասերում: Կառավարումն իրականացվել է արգելոցի Արարատի հատվածում ծավալված շտաբից ԱԹՍ-ների միջոցով:

Ուսումնավարժության նպատակներն են՝ կատարելագործել անտառային խոշոր հրդեհներին արձագանքող ուժերի գործնական հմտությունները հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքներ իրականացնելիս և անտառային խոշոր հրդեհներին արձագանքող ուժերի ներդաշնակ աշխատանքը:

Ուսումնավարժության ավարտին ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի տնօրեն Ռուբեն Խաչատրյանը ստորագրել են համագործակցության հուշագիր:

  • Կիսվել: