ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Արմավիրի մարզպետը ծանոթացել է Չարենց-Բաղրամյան ճանապարհահատվածի նորոգման աշխատանքներին

Արմավիրի մարզպետը ծանոթացել է Չարենց-Բաղրամյան ճանապարհահատվածի նորոգման աշխատանքներին

ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանն Արմավիր համայնքի ղեկավար Դավիթ Խուդաթյանի, մարզպետարանի և համայնքապետարանի ոլորտային պատասխանատուների ուղեկցությամբ այսօր այցելել է Արմավիր քաղաքի Աբովյան փողոց, ծանոթացել 2022 թվականի համաֆինանսավորման սուբվենցիոն ծրագրով Չարենց-Բաղրամյան ճանապարհահատվածի նորոգման աշխատանքներին, հայտնում են Արմավիրի մարզպետարանից:

՛՛Մարզպետին զեկուցվել է, որ ծրագրի պայմանագրային արժեքը 88 մլն 400 հազ. դրամ է, որի 35%-ը համաֆինանսավորվում է պետության կողմից: Միաժամանակ տեղեկացվել է, որ ծրագրի շրջանակում նախատեսված է 870 մ երկարությամբ փողոցի ասֆալտապատում, եզրաքարերի հատվածական փոխում, ուղղում, առուների նորոգում և դպրոցամերձ հատվածի մայթերի կառուցում։

Ծանոթանալով ընթացող աշխատանքներին՝ Էդվարդ Հովհաննիսյանը շինպատասխանատուներին հորդորել է ծրագիրն իրականացնել պայմանագրով սահմանված ժամկետներում՝ ապահովելով որակական բոլոր չափանիշները:

Հավելենք, որ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի պատվերով և գերմանական KFW բանկի ֆինանսավորմամբ գարնանը կապիտալ նորոգվել է նաև Աբովյան փողոցի նշված հատվածի խմելաջրի համակարգը՛՛,-ասված է հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: