հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
«Արևիք» ազգային պարկում այրվել է ավելի քան 400 հա տարածք. կործանարար հրդեհը չի հաջողվում մարել

«Արևիք» ազգային պարկում այրվել է ավելի քան 400 հա տարածք. կործանարար հրդեհը չի հաջողվում մարել

Գրեթե տաս օր է՝ չի հաջողվում մարել «Արևիք» ազգային պարկում բռնկված հրդեհը: Սեպտեմբերի 15-ից Արտակարգ իրավիճակների նախարարության (ԱԻՆ) փրկարարները օժանդակ օգնության հետ միասին մարման աշխատանքներ են իրականացնում: «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի սեպտեմբերի 20-ի արբանյակային մոնիթորինգի տվյալներով այրվել է մոտ 423 հա տարածք, հայտնում է Շրջակա միջավայրի (ՇՄ) նախարարությունը: 

Սեպտեմբերի 24-ին «Արևիք» ազգային պարկի տարած

քում հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել են. կան ծխացող օջախներ։ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կայքից տեղեկանում ենք, որ հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են 70 փրկարար ծառայող և «Զանգեզուր» կենսոլորտային համալիր ՊՈԱԿ-ի 20 աշխատակից։

ՇՄ նախարարությունից նաև հայտնում են, որ հրդեհը մարելու խնդիրը սկզբնական օջախի՝ գրունտային ճանապարհից մոտ 5.5 կմ հեռավորության վրա գտնվելն ու դժվարանցանելի լինելն է: «Հրդեհը շատ ուժեղ տարածվում է, քանի որ այնտեղ աճում է գիհու նոսրանտառ, առկա են չորացած թփեր, կաղնու և թխկու չորացած ծառեր, սակավաջուր է, ինչպես նաև ուժեղ քամիներ:  Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժեր, «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի արագ արձագանքման խումբը, բոլոր մասնաճյուղերի աշխատակիցներ, Մեղրիի «ՃՇՇՁ» աշխատակիցներ, N զորամասի զինծառայողներ, Մեղրիի համայնքապետարանի կոմունալ տնտեսության աշխատակիցներ,կամավոր քաղաքացիներ։ Ռելիեֆի անանցանելիության պատճառով տեխնիկա և լրացուցիչ միջոցներ հնարավոր չէ ներգրավվել։

Սեպտեմբերի 16-ին Սյունիքի մարզպետարանում տեղի է ունեցել քննարկում հրդեհաշիջման աշխատանքների կազմակերպման վերաբերյալ: Սեպտեմբերի 20-ին հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել է նաև ուղղաթիռ: Այս պահի դրությամբ առկա են ծխացող օջախներ: Հետագայում վնասի, տարածքի և աղբյուրի առաջացման վերաբերյալ ավելի մանրամասն կտեղեկացվի»,- նշված է ՇՄ նախարարության սեպտեմբերի 23-ին տարածած հաղորդագրության մեջ:

Մեղրիի անտառների հրդեհաշիջման աշխատանքներում ուղղաթիռ ընդգրկելու մասին օրեր առաջ նշված էր նաև «Սյունիքի մարզ» ֆեյսբուքյան էջում: «Արդեն 5-6 օր է, տեղյակ ենք, ինչ է կատարվում այստեղ։ Արդյունքները գոհացուցիչ չէին։ Ցեմենտով պարկերը բարձվում են ուղղաթիռը, և դրանք նետվում են հրդեհի օջախների վրա։ Մեղրի համայնքի բնակիչներն էլ, ով ինչով կարողանում է, օգնում է։ Արդեն 4-րդ ուղերթն է պատրաստվում։ Մոտավոր հաշվարկներով 400-500 հա  տարածք է վառվել»,- նշել էր Մեղրի համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արարատ Թումանյանը:

Համացանցում նաև տեղեկություն էր տարածվել, թե «Արևիքում» հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է նաև իրանական կողմը: Սակայն ԱԻՆ-ը հերքեց այդ տեղեկատվությունը: «Լրատվամիջոցներով տարածված տեղեկատվությունն իրականությանը չի համապատասխանում։ Այս պահի դրությամբ հրդեհաշիջման հարցում հայկական կողմն աջակցության անհրաժեշտություն չունի, սակայն կասկած չկա, որ հարկ եղած դեպքում իրանցի բարեկամներն օգնության կհասնեն: 

Համացանցում և ԶԼՄ-ներում տարածվող տեսանյութն «Արևիք» ազգային պարկի  տարածքից չէ: Կադրերում սեպտեմբերի 21-ին Հարավային մաքսատան մոտակայքում բռնկված հրդեհն է: Տեսանյութում լսվում են իրանական կողմից բարձրախոսով հնչող շնորհակալական խոսքերը՝ ուղղված հայ հրշեջներին՝ արագ արձագանքման համար»,- նշված է ԱԻՆ֊ի պաշտոնական հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: