երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Առաջարկվում է կրճատել հարկային մարմինների միջեւ տեղեկատվության փոխանակման պարբերականությունը

Առաջարկվում է կրճատել հարկային մարմինների միջեւ տեղեկատվության փոխանակման պարբերականությունը

Խորհրդարանն ապրիլի 11-ի հերթական նիստում քննարկել է ««Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների հարկային մարմինների միջեւ անուղղակի հարկերի վճարված գումարների վերաբերյալ էլեկտրոնային ձեւով տեղեկատվության փոխանակման մասին» 2009 թվականի դեկտեմբերի 11-ի արձանագրության մեջ փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը: Այն ներկայացրել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանը: Արձանագրությունը ստորագրվել է 2023 թվականի օգոստոսի 22-ին` Մոսկվայում:

Առաջարկվող փոփոխությունների նպատակն է ԵԱՏՄ անդամ պետությունների հարկային մարմինների միջեւ էլեկտրոնային տեղեկատվության փոխանակման հետ կապված իրավահարաբերությունների կատարելագործումը եւ անուղղակի հարկերի մուտքերի նկատմամբ վերահսկողության արդյունավետության բարձրացումը: Արձանագրությամբ կատարվող փոփոխությունները վերաբերում են կողմերի հարկային մարմինների միջեւ տեղեկատվության փոխանակման պարբերականության կրճատմանը (տասնօրյա կտրվածքից անցում ամենշաբաթյա կտրվածքի)` հարկային տեղեկատվության ստացման եւ մշակման օպերատիվությունը բարձրացնելու համար: Իրականացվել են նաեւ որոշ տեխնիկական փոփոխություններ:

ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է Շիրակ Թորոսյանը:

  • Կիսվել: