հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
«Անտառային տարածքներում առաջացած խոշոր հրդեհների մարման աշխատանքների իրականացումը» թեմայով ուսումնավարժություն՝ Խոսրովի անտառում

«Անտառային տարածքներում առաջացած խոշոր հրդեհների մարման աշխատանքների իրականացումը» թեմայով ուսումնավարժություն՝ Խոսրովի անտառում

Արտակարգ իրավիճակների նախարարությունը «Խոսրովի անտառ պետական արգելոցի» տարածքում հուլիսի 29-ին անցկացրել է «Անտառային տարածքներում առաջացած խոշոր հրդեհների մարման աշխատանքների իրականացումը» թեմայով ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություն:

Սցենարի համաձայն՝ Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) աշխատակիցը նկարահանող տեսախցիկի միջոցով նկատել է, որ արգելոցի Խաչաձոր տեղամասի Աղսու պահաբաժնում հրդեհ է բռնկվել: Մարման աշխատանքները չի հաջողվում լիարժեք իրականացնել սեփական ուժերով. օգնության է հասել Արտակարգ իրավիճակների նախարարությունը: Հրդեհի մասին ահազանգ է փոխանցվել Արարատի ՄՓՎ ՃԿԿ «911» ահազանգման կենտրոն:

Ուսումնավարժությանը մասնակցել են նախարարության փրկարար ծառայությունը՝ Արարատի մարզային փրկարարական վարչության Վեդու, Մասիսի, Արտաշատի հրշեջ փրկարարական ջոկատները, Ուրցաձորի և Վեդու հրշեջ կամավորական ջոկատները, Կոտայքի վարչության Աբովյանի և Հրազդանի հրշեջ-փրկարարական ջոկատները, Գառնու հրշեջ կամավորական ջոկատը, ՓԾ բժշկական ապահովման և հոգեբանական աջակցության վարչությունները, Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնը, նաև Ռուս-Հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնը, Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանության հիմնադրամը, Շրջակա միջավայրի նախարարության «Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ-ի անձնակազմը:

Աշխատանքներին ներգրավվել է 26 միավոր հատուկ տեխնիկա, 106 փրկարար, 71 կամավոր, նաև անօդաչու թռչող սարքեր և պաշտպանության նախարարության ավիացիայի մեկ ուղղաթիռ: Գործողություններն իրականացվել են երկու տեղամասերում՝ Արարատի և Կոտայքի կողմից, կառավարումը՝ արգելոցի Արարատի հատվածում ծավալված շտաբից ԱԹՍ-ների միջոցով:

Ուսումնավարժության նպատակներն են՝ կատարելագործել անտառային խոշոր հրդեհներին արձագանքող ուժերի գործնական հմտությունները հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքներ իրականացնելիս և անտառային խոշոր հրդեհներին արձագանքող ուժերի ներդաշնակ աշխատանքը:

Վարժանքին հետևել են Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը, Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը, «Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Ռադիկ Օղիկյան, Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը, ՓԾ տնօրեն Արմեն Գասպարյանը, տեղակալներ՝ Հովհաննես Եմիշյանը, Կարապետ Մանուկյանը, գերատեսչության տարբեր ստորաբաժանումների և ՊՈԱԿ-ների ղեկավարներն ու անձնակազմը, Հայաստանում հավատարմագրված մի շարք դիվանագիտական առաքելությունների և կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Ուսումնավարժության ավարտին ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի տնօրեն Ռուբեն Խաչատրյանը ստորագրել են համագործակցության հուշագիր: Փաստաթղթով լուծվում է միանգամից երկու խնդիր. նախատեսվում է ԱԻՆ աշխատակիցների վերապատրաստում՝ վայրի կենդանիների փրկարարական աշխատանքների իրականացման և համատեղ ծրագրերով անտառային հրդեհների արագ արձագանքման, կանխարգելման աշխատանքների վերաբերյալ:

  • Կիսվել: