երեքշաբթի, մայիս 20
20 / 5 / 2025
Աննախադեպ երեւույթ է, երբ կառավարության անդամը լրագրողի հետ հարաբերվելիս բռունցքների է դիմում. հայտարարություն

Աննախադեպ երեւույթ է, երբ կառավարության անդամը լրագրողի հետ հարաբերվելիս բռունցքների է դիմում. հայտարարություն

Մի շարք կազմակերպություններ հայտարարությամբ են հանդես եկել երեկ ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանի եւ լրագրող Փայլակ Ֆահրադյանի միջեւ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ, որի ընթացքում նախարարը հարվածել էր լրագրողին, վնասել էր նաեւ նրան պատկանող գույքը:

Հայտարարության մեջ, մասնավորապես, նշվում է. «Երեկ՝ մարտի 18-ին, երեւանյան սրճարաններից մեկում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը բռնություն է գործադրել «Irakanum.am» կայքի խմբագիր Փայլակ Ֆահրադյանի նկատմամբ։

Վերջինս, նկատելով բարձրաստիճան պաշտոնյային, մոտեցել եւ հարցրել է, թե ինչու է նա աշխատանքային ժամին սրճարանում։ Համաձայն մամուլի հրապարակումների՝ զրույցը երկուստեք ոչ կոռեկտ է եղել, որից հետո նախարարը հարվածներ է հասցրել լրագրողին, վնասել համակարգիչն ու հեռախոսը։

Մեր ողջ դիտարկումների ընթացքում աննախադեպ երեւույթ է, երբ կառավարության անդամը լրագրողի հետ հարաբերվելիս բռունցքների է դիմում։ Սա վերջին ամիսներին իշխանության եւ լրատվամիջոցների ներկայացուցիչների միջեւ ծայրահեղ լարվածության, փոխադարձ անհանդուրժողականության եւ ոչ պարկեշտ վարքագծի հերթական դրսեւորումն էր։ Դրա օրինակները մենք արձանագրել ենք ինչպես Ազգային ժողովում, այնպես էլ տարբեր զանգվածային միջոցառումների ընթացքում։ Մինչդեռ, բարձրաստիճան պաշտոնյաներն ու քաղաքական գործիչները պետք է պատրաստ լինեն հանրության եւ լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում լինել եւ զսպվածությամբ վերաբերվել իրենց ուղղված հարցերին։ Առանձնահատուկ նշում ենք, որ լրագրողներն իրենց հերթին պարտավոր են գործել օրենքի եւ մասնագիտական էթիկայի շրջանակներում։

Հիմքեր ունենք այս միջադեպն ընկալել որպես նախորդ նմանատիպ դեպքերի առնչությամբ իշխանական շրջանակների ոչ պատշաճ արձագանքի հետեւանք։ Այժմ էլ տարակուսանք են առաջացնում Հակոբ Արշակյանի քաղաքական թիմակիցներից ոմանց փորձերը՝ հրապարակային հայտարարություններով եւ մեկնաբանություններով ուղղակի կամ անուղղակի արդարացնել տեղի ունեցած բռնությունը։

Մենք՝ ներքոստորագրյալ լրագրողական կազմակերպություններս, անթույլատրելի համարելով լրագրողի նկատմամբ գործադրած բռնությունը՝ պահանջում ենք․

- Կառավարությունից եւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից՝ հրապարակավ դատապարտել նախարարի պահվածքը, քննարկել նրա հետագա պաշտոնավարման նպատակահարմարությունը եւ երաշխիքներ տալ, որ ապագայում նման դեպքերը կբացառվեն։

- Իրավապահ մարմիններից՝ ուսումնասիրել միջադեպի բոլոր մանրամասները եւ համապատասխան իրավական գնահատական տալ կատարվածին։

Կոչ ենք անում լրագրողներին՝ պաշտոնյաների, քաղաքական գործիչների հետ առնչվելիս խուսափել սադրիչ վարքագծից, հատկապես այն դեպքերում, երբ դա որեւէ կերպ չի նպաստում հանրությանը օբյեկտիվ տեղեկություններ մատուցելու մասնագիտական առաքելության իրականացմանը։

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե

Երեւանի մամուլի ակումբ

Մեդիա նախաձեռնությունների կենտրոն

Լրագրողների «Ասպարեզ» ակումբ

Ինֆորմացիայի ազատության կենտրոն

Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտ – Հայաստան

Հանրային լրագրության ակումբ

«Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ

«Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ

Գորիսի մամուլի ակումբ»։

  • Կիսվել: