չորեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2025
Հակոբ Արշակյանը հյուրընկալել է Հունգարիայի խորհրդարանում ազգային փոքրամասնությունները ներկայացնող պատգամավորների

Հակոբ Արշակյանը հյուրընկալել է Հունգարիայի խորհրդարանում ազգային փոքրամասնությունները ներկայացնող պատգամավորների

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը մայիսի 13-ին հանդիպել է Հունգարիայի Ազգային ժողովի՝ ազգային փոքրամասնությունները ներկայացնող պատգամավորների հետ:

ՀՀ ԱԺ փոխնախագահն արձանագրել է, որ Հայաստանի և Հունգարիայի հարաբերությունների ամրապնդումը կարևոր նպատակ է ՀՀ արտաքին քաղաքական օրակարգում: Նշելով, որ մոտ ապագայում Բուդապեշտում կբացվի Հայաստանի առաջին ռեզիդենտ դեսպանությունը՝ Հակոբ Արշակյանը հույս է հայտնել, որ Հունգարիան ևս ռեզիդենտ դիվանագիտական ներկայացուցչություն կհիմնի Երևանում:

Ընդգծվել է երկկողմ հարաբերությունների դրական դինամիկան, փոխշահավետ համագործակցության տեսանկյունից՝ խորհրդարանական դիվանագիտության ներուժի արդյունավետ օգտագործումը? Այս համատեքստում ԱԺ փոխխոսնակը բարձր է գնահատել երկու երկրների խորհրդարաններում բարեկամական խմբերի ստեղծումը:

ԱԺ նախագահի տեղակալը նշել է, որ Հայաստանի 4 ամենամեծ ազգային փոքրամասնություններն իրենց ներկայացուցիչներն ունեն Ազգային ժողովում, ինչը նրանց հուզող համայնքային խնդիրները բարձրացնելու և լուծելու հնարավորություն է տալիս:

«Վստահ եմ, որ համատեղ պատմության, քրիստոնեական արժեքների և միջազգային իրավունքի նկատմամբ հարգանքի հիման վրա մենք կարող ենք ավելի խոր ուսումնասիրել ու իրացնել քաղաքական երկխոսության, տնտեսական և էներգետիկ ոլորտներում առկա ներուժը՝ թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ հարթակներում»,- փաստել է Հակոբ Արշակյանը:

ՀՀ ԱԺ փոխնախագահը հյուրերին ներկայացրել է նաև տարածաշրջանային զարգացումները, մանրամասնել ՀՀ կառավարության նախաձեռնած «Խաղաղության խաչմերուկ» նախագծի էությունը: Անդրադարձ է եղել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուրջ ընթացող բանակցություններին, կարևորվել է Բաքվում պահվող հայ պատանդների անհապաղ և անվտանգ վերադարձը:

Հունգարիայի խորհրդարանի հայ ինքնավարության խոսնակ Նիկողոս Ակոպյանը և սերբ ինքնավարության խոսնակ Ալեքսով Լյուբոմիրը ներկայացրել են իրենց գործունեության շրջանակը, ազգային փոքրամասնություններին հուզող խնդիրները:

  • Կիսվել: