ԵՄ-ն Հունգարիայի համար կապասառեցնի կոռուպցիայի պատճառով սառեցված 4,2 միլիարդ եվրոն
Եվրամիության երկրները հաստատել են Եվրահանձնաժողովի ծրագիրը՝ Հունգարիայի համար 4,2 միլիարդ եվրոն ապասառեցնելու վերաբերյալ։
Այն բանից հետո, երբ ԵՄ երկրների եվրոպական հարցերով նախարարները Լյուքսեմբուրգում անցկացված հանդիպմանը աջակցել են որոշմանը, Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյաենը հայտարարել է. «Այսօր սկսվում է նոր գլուխ։ Հունգարիայի և Եվրոպայի համար»
Եվրահանձնաժողովի գնահատմամբ՝ մայիսին Պետեր Մադյարի՝ վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո նոր կառավարությունն իրականացրել է բարեփոխումներ, որոնք ուղղված են պետական գնումների ոլորտում խախտումների վերացմանն ու կոռուպցիայի դեմ պայքարին։
«Վերջին մի քանի ամսում նոր կառավարությունը զգալի առաջընթաց է արձանագրել իրավունքի գերակայության վերականգնման և նախորդ կառավարության որոշ որոշումների վերանայման հարցում։ Իրավունքի գերակայության սկզբունքի պահպանումը անհրաժեշտ է ԵՄ միջոցները ստանալու համար»,- հայտարարել է արդարադատության հարցերով եվրոպական հանձնակատար Մայքլ Մաքգրատը։
Հիշեցնենք, որ միջոցները սառեցվել էին նախկին վարչապետ Վիկտոր Օրբանի օրոք կոռուպցիայի մեղադրանքների ֆոնին։ Ապասառեցվող 4,2 միլիարդ եվրոն մտնում է մոտ 20 միլիարդ եվրոյի փաթեթի մեջ, որը նախատեսված է Հունգարիայի տնտեսապես անբարենպաստ շրջաններին աջակցելու համար։
Մայիսին Եվրահանձնաժողովը հայտարարել էր Բուդապեշտին ընդհանուր առմամբ 16,4 միլիարդ եվրո տրամադրելու պատրաստակամության մասին՝ բարեփոխումների հաջող իրականացման պայմանով։ Բացի կոռուպցիայի հետ կապված պահանջների պատճառով սառեցված 4,2 միլիարդ եվրոյից, նախատեսվում է ևս 10 միլիարդ եվրո հատկացնել COVID-19 համավարակից հետո վերականգնման հիմնադրամից։
Հունգարիան նաև պարտավորվել է բարեփոխումներ իրականացնել ակադեմիական ազատության ոլորտում։ Դրանց իրականացումը կարող է երկրի համար բացել ևս 2,2 միլիարդ եվրոյի հասանելիություն։



