Պետք է հասկանանք՝ ինչի մասին է խոսքը, ՔԿ նախագահը՝ ԱԺ-ի միջադեպի մասին
Հանցագործության մասին հաղորդումը պետք է լինի պատշաճ, մամուլում զետեղված տեսագրությունները պետք է պատշաճ ուսումնասիրվեն։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՔԿ նախագահ Արթուր Պողոսյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք այսօր ԱԺ դահլիճում տեղի ունեցածի վերաբերյալ խուլիգանության հատկանիշներով վարույթ կնախաձեռնվի։
Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Ես տեղյակ չեմ՝ ինչ է տեղի ունեցել, ձեր խոսքերից իմացա, հետևաբար, պետք է հասկանանք՝ ինչի մասին է խոսքը։ Անհատական դեպքերով ես հիմա չեմ ցանկանա քննարկում ունենալ, եթե նախկինում հաղորդումներ են եղել, ենթադրում եմ, որ այդ հաղորդման կապակցությամբ քրեադատավարական ընթացակարգեր գոյություն ունեն: Մենք ունենք ևս երկու վարույթ, որոնք նախաձեռնվել են օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում։ Մի վարույթը վերաբերվում է Ազգային անվտանգության ծառայությունից ստացված հաղորդման հիման վրա նախաձեռնված վարույթին, մյուսը վերաբերվում է պետական եկամուտների կոմիտեի կողմից ձեռնարկված համալիր միջոցառումների արդյունքում ստացված տվյալներին, երկու առանձին վարույթներ ունենք՛՛:
Պողոսյանի խոսքով՝ դրանից հետո, ըստ էության, պարզել են, որ որոշակի անձինք մինչև վարույթ նույնիսկ նախաձեռնելը լքել էին Հայաստանի Հանրապետության սահմանը. ՛՛Այսինքն՝ մենք չէինք կարող կանխատեսել, մեր գործողությունները պետք է լինեն օրինական և ամենակարևորը, քննիչը չի կարող առանց համապատասխան կարգավիճակի արգելի անձի ելքը Հայաստանի Հանրապետությունից։ Երբ ունեցել ենք քրեական հետապնդման մասին որոշումները, բազմաթիվ անձանց, այդ թվում նաև գործող ընկերությունների, տնտեսվարողների, տնօրենների, ովքեր լքել էին Հայաստանի Հանրապետության տարածքը, այդ անձանց նկատմամբ հետախուզում է հայտարարվել, խափանման միջոց կալանք է ընտրվել, և եկեք այս տրամաբանությամբ առաջնորդվենք: Նախկին քրեական օրենսգրքում նման հանցակազմ նախատեսված է եղել, բանդիտիզմ, հիմա այդպիսի հանցակազմ գոյություն չունի, մենք նույնիսկ հիմա այս պահին չունենք այլ հանցակազմ, մենք ունենք մեխանիզմ, պարզել ենք այդ մեխանիզմի արդյունքում, որ տևական ժամանակ, ըստ էության, անձինք խեղաթյուրված տվյալներ են ներկայացրել սպառված գազի վաճառքի հետ կապված, ընդ որում, այնտեղ ունենք տվյալներ նաև, որ դա արել են տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործմամբ, հաշվիչներ փոխել և այլն՛՛, -ասաց Պողոսյանը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր ԱԺ-ում լեզվակռիվ, քաշքշոցներ են եղել: