Անկախության հռչակագիրը արտացոլում է մեր ժողովրդի իրական երազանքներն ու ձգտումները, ոգին ու կամքը․ Ռուբեն Վարդանյան
Գործարար, հասարակական-քաղաքական գործիչ Ռուբեն Վարդանյանը Անկախության հռչակագրի ընդունման 32-ամյակի առիթով շնորհավորական ուղերձ է հղել։ Ուղերձում մասնավորապես ասված է․
«Ուղիղ 32 տարի առաջ՝ 1990թ. օգոստոսի 23-ին, Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի առաջին նստաշրջանում ընդունվեց Հայաստանի Անկախության հռչակագիրը՝ ազդարարելով անկախ պետականության հաստատման ու մեր ժողովրդի կյանքում պատմական նոր փուլի սկիզբը: Մեր ժողովրդի համար արտաքին ու ներքին բարդագույն մարտահրավերների պայմաններում ընդունված այս պատմական փաստաթուղթն առանցքային նշանակություն ուներ ողջ հայության համար, քանի որ իրականանում էր անկախ պետություն ունենալու մեր ժողովրդի դարավոր երազանքը:
Այն նաև կարևոր հղում էր կատարում 1989 թվականի դեկտեմբերի 1-ի «Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ որոշմանը։ Հռչակագրի ընդունումից կարճ ժամանակ անց՝ սեպտեմբերին 21-ին, հանրաքվեի միջոցով մեր ժողովուրդն ընտրեց անկախության ճանապարհը: Այսօր, ավելի քան երեք տասնամյակ անց, մենք նորից կանգնած ենք լուրջ մարտահրավերների առաջ: Ցավով պետք է արձանագրենք, որ այս տարիների ընթացքում չհաջողվեց ամրապնդել մեր անկախ պետականությունը, կայացնել ու հզորացնել կարևոր պետական ինստիտուտները, տեր կանգնել մեր հաղթանակին, պետության զարգացման հստակ տեսլականով, ամենօրյա քրտնաջան աշխատանքով, կազմակերպվածությամբ ու կարգապահությամբ ստեղծել անվտանգ ու բարեկեցիկ երկիր:
Իմ խորին համոզմամբ, Անկախության հռչակագիրը, ավելի քան որևէ այլ փաստաթուղթ, արտացոլում է մեր ժողովրդի իրական երազանքներն ու ձգտումները, ոգին ու կամքը, ու մենք պետք է ամեն ինչ անենք՝ պաշտպանելու հռչակագրի հիմքում ընկած սկզբունքներն ու արժեքները, ասել է թե՝ որպես պետություն պաշտպանելու մեր անկախությունը և որպես ժողովուրդ՝ մեր արժանապատիվ ապրելու իրավունքը: Պետք է գիտակցենք, որ միայն առողջ, երջանիկ ու հաջողակ հասարակությունը, որը թիկունքում ուժեղ բանակ ու հզոր տնտեսություն ունի և առաջնորդվում է ազգային շահերով ու համամարդկային արժեքներով, կարող է իրական անկախություն ապահովել, ինչն էլ մեզ թույլ կտա իսկապես ինքնիշխան որոշումներ կայացել ու իրապես անկախ արտաքին քաղաքականություն վարել՝ հիմնված փոխշահավետ համագործակության վրա:
Աշխարհում կան օրինակներ, երբ չափերով փոքր և աշխարհագրական բարդ պայմաններում գտնվող երկրներին հաջողվել է հենման կետեր գտնել ու հուսալի ինքնիշխանության կառուցել: Համոզված եմ, որ մենք ևս կարող ենք: Ամեն ինչ մե՛ր ձեռքերում է: Անկախության սերնդին մենք պարտք ունենք վերադարձնելու: Անկախության հռչակագիրը բովանդակային իմաստով և լիարժեքորեն կյանքի կոչելը մեր պարտքն է: Մեր պարտքն է՝ կառուցել ուժեղ և ինքնիշխան երկիր, և այդ պարտքը վերադարձնել, նշանակում է ջանք չխնայել Հայաստանի Հանրապետությունը հզորացնելու գործում։ Ու ես անձամբ, իմ համախոհների հետ, պատրաստ եմ ամեն ինչ անել հանուն այդ նպատակի, հանուն այդ պարտքի վերադարձման»:


