չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Ամենաքիչ գումարը հատկացվել է վարչապետի առանձնատան վերանորոգման համար. Էդուարդ Աղաջանյան

Ամենաքիչ գումարը հատկացվել է վարչապետի առանձնատան վերանորոգման համար. Էդուարդ Աղաջանյան

«Կոնդի առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ի մեջ մտնող բոլոր վերանորոգվող 8 կառավարական տներից ամենաքիչ գումարը հատկացվել է վարչապետի առանձնատան համար, այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը:

Նշենք, որ ՊՈԱԿ-ի կազմում կա 9 կառավարական մասնաշենք: Աղաջանյանը պատասխանելով լրագրողների հարցերին ասաց, որ վարչապետը անձամբ իր համար ոչինչ չի գնել և այն, ինչ արվում է պետության կարիքների համար է արվում, պետական ընթացիկ ծախսերի շրջանակում:

«Եկեք արձանագրենք, որ վարչապետը իր համար որևէ գնում չի կատարում: Խոսքը նաև Կոնդի առանձնատների վերանորոգման մասին է, որը պետության գույքն է: Ինչ վերաբերում է ծախսերին, ապա այդ որոշումները գաղտնի ընթացակարգերով են կայացվել, քանի որ դա բխում է օրենքից: Ես թվեր չեմ կարող հրապարակել: Կոնդի առանձնատների ծախսի մասին տեղեկություն կլինի դրանց վերանորոգումից հետո պետգույքի համապատասխան ռեգիստրում դրանց շուկայական արժեքը կավելանա և համապատասխանաբար բոլորին հասանելի կլինի», -ասաց Աղաջանյանը:

  • Կիսվել: