երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Պետք է առաջնորդվենք բացառապես պետական շահերով. Աղաջանյանը՝ Հռոմի ստատուտի վավերացման մասին

Պետք է առաջնորդվենք բացառապես պետական շահերով. Աղաջանյանը՝ Հռոմի ստատուտի վավերացման մասին

Բազմիցս կրկնել ենք, որ Հռոմի ստատուտի վավերացումը որևէ առնչություն չունի ՌԴ-ի հետ մեր երկկողմ հարաբերությունների տեսանկյունից, և սա փոխանցել ենք մեր ռուս գործընկերներին: Այդ մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը:

Նա ընդգծեց, որ դա արվել է՝ ելնելով Հայաստանի անվտանգային համակարգի ձևավորման տեսանկյունից:

«Այսքանով կարծում եմ՝ ամեն ինչ ասված է: Արձագանքները, բնականաբար, մեզ ծանոթ են, և դրանցից մեր դիրքորոշումը չի փոխվում, որովհետև Հայաստանի Հանրապետությունը սուվերեն պետություն է, և պետք է առաջնորդվենք բացառապես ՀՀ-ի պետական շահերով»,- ասաց պատգամավորը:

Էդուարդ Աղաջանյանն անդրադարձավ այն մտահոգությանը, թե ՌԴ-ն կարող է սպառնալիքներից կոնկրետ գործողությունների անցնել: Պատասխանելով այն հարցին, թե այդ դեպքում իշխանությունն ի՞նչ քայլերի կդիմի՝ ասաց.

«Դրանք հարցեր են, որոնք ես չեմ բարձրաձայնի, բայց ՀՀ-ը և Հայաստանի ղեկավարությունը, բնականաբար, հնարավոր սցենարների պարագայում համապատասխան քայլեր կձեռնարկի: Մենք որևէ հիմք՝ պնդելու, որ նման գործողություններ կլինեն, այս պահին չունենք: Այնուամենյանիվ, եթե նման քայլեր լինեն, ՀՀ-ն ունի ղեկավարություն, քայլեր կլինեն»:

  • Կիսվել: