Ամեն ինչ վերահսկելի է, և հանրապետությունը կարող է իր բնականոն կյանքով ապրել. Արսեն Թորոսյան
Կորոնավիրուսի կանխարգելման համար ձեռնարկված բոլոր միջոցառումները շարունակվում են իրականացվել։ Այս մասին գործադիրի այսօրվա նիստում ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
Մասնավորապես, ըստ նրա, ամենօրա հսկողությունն իրականացվում է՝ սկսած սահմանային վերահսկողությունից մինչև վիրուսի հնարավոր ախտանշաններ ունեցող քաղաքացիների ստուգում։
Նախարարը հիշեցրեց, որ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 1 դեպք, հիվանդը գտնվում է «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում, 31 քաղաքացի էլ հատուկ մեկուսացված պայմաններում ապրում են Ծաղկաձորում։
«Բոլորի ինքնազգացողությունը և առողջությունը լավ է, որևէ գանգատ որևէ մեկը չունի, այդ թվում՝ վիրուսը հաստատված պացիենտը։ Երեկ հետազոտել ենք կորոնավիրուսով հիվանդ քաղաքացու կնոջը, որի մոտ կրկին հերքվել է հիվանդության առկայությունը»,- ասաց Արսեն Թորոսյանը։
Նախարարի խոսքով՝ փորձը ցույց է տալիս, որ դա շատ վարակիչ վիրուս չէ, նույնիսկ միասին ապրող մարդկանց մոտ հնարավոր է վարակը չփոխանցվի։
Արսեն Թորոսյանը տեղեկացրեց, որ մինչ օրս կատարվել է 162 նմուշ, ամեն օր էլ կատարվում են նմուշառումներ. «Ամեն ինչ վերահսկելի է, և հանրապետությունը կարող է իր բնականոն կյանքով ապրել»։



