ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Ամայի տարածք է Հատիսի սարը, եթե ծրագիրն իրականանա, ապա տասնյակ, եթե ոչ հարյուրավոր միլիոն դոլարների ներդրումներ կլինեն. Քերոբյանը՝ Հիսուսի արձանի շինարարության մասին

Ամայի տարածք է Հատիսի սարը, եթե ծրագիրն իրականանա, ապա տասնյակ, եթե ոչ հարյուրավոր միլիոն դոլարների ներդրումներ կլինեն. Քերոբյանը՝ Հիսուսի արձանի շինարարության մասին

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի խոսքով` Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձանի շինարարության մեկնարկին իր մասնակցությունը չի նշանակում, որ պետք է շրջանցեն օրենքները, հակառակը: Այս մասին նախարարն ասաց «Ազատության» «Ֆեյսբուքյան ասուլիսի» շրջանակներում:

«Մեր ինչ-որ միջոցառումների մասնակցելը դեռևս չի նշանակում, որ կառավարության համապատասխան բոլոր որոշումները կան, և ըստ ընթացակարգերի արդեն անցել են շինարարական աշխատանքների», -նշեց Քերոբյանը:

Նա նաև հավելեց. «Սա ինչ-որ նախագծի մեկնարկի մասին միջոցառում է, և որևէ շինարարության մասին խոսք չի գնում, բնականաբար այս նախագիծը պետք է անցնի բոլոր ընթացակարգերով և հաստատումները ստանալուց հետո անցնի աշխատանքային փուլի: Իհարկե, կա մեծ տրամադրվածություն թե ներդրողի կողմից, թե վարչապետն իր ելույթների ընթացքում հրապարակային հավանության է արժանացրել այս նախագիծը, բայց ակնհայտորեն մեզանից որևէ մեկը չի պատրաստվում օրենքներ խախտելով նախագծեր իրականացնել: Ամեն ինչը կկատարվի օրենքով սահմանված կարգով»:

Ըստ նախարարի` եթե ծրագիրը իրականանա, ապա այնտեղ շատ մեծ զբոսաշրջային հոսք կառաջանա նաև. «Ամայի տարածք է իրականում Հատիսի սարը, արշավներ են գնում, բայց չնչին ակտիվություն է` համեմատած նրա, ինչ որ նախատեսվում է: Եթե ծրագիրն իրականանա, ապա այնտեղ տասնյակ, եթե ոչ հարյուրավոր միլիոն դոլարների ներդրումներ կլինեն:

Պատմամշակութային տարածքներում բացառված չեն ներդրումները, սակայն կա հատուկ կարգ ներդրումները անելու, պետք է տարբեր գերատեսչություններ իրենց համաձայնությունը տան, պատմամշակութային միջավայրը չխաթարվի»:

Քերոբյանն ընդգծեց` իր ներկայանալը այդ միջոցառմանը չի նշանակում, որ պետք է շրջանցեն օրենքները, հակառակը:

Չնայած պետական երկու գերատեսչությունների հայտարարություններին, որ Հատիս լեռան վրա շինարարությունը կասեցվել է, այսօր էլ սարի լանջին շինաշխատանքներ էին ընթանում, պարզել էր «Ազատության» նկարահանող խումբը: Նախարարն ասուլիսի ժամանակ ասաց, թե այն, ինչ կատարվում է, օրենքով թույլատրելի է: Իսկ եթե այս տարածքը բացառվի, ապա կգտնեն այլ լուծումներ, հավաստիացրեց Քերոբյանը:

  • Կիսվել: