Այսօր՝ ապրիլի 30-ին, Ախալցիխեի «Իմեդի» կլինիկայում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի ևս մեկ դեպք, հայտնում է sknews-ը, փոխանցում է jnews.ge-ն: Հիվանդը կարանտինային գոտուց տեղափոխվել է կլինիկա, որտեղ նա Covid-19-ի թեստավորում է անցել:

Այսօր հայտնի են դարձել երեկ՝ ապրիլի 29-ին, Ախալցիխեի «Իմեդի» կլինիկայից Լուգարի լաբորատորիա ուղարկված թեստերի արդյունքները, որտեղ համավարակի պայմաններում գործում է ինֆեկցիոն կենտրոնը: 27 հոգուց, կորոնավիրուս է հաստատվել մոտ 30 տարեկան մի տղամարդու մոտ, նա Ռուսաստան ճանապարհորդության պատմություն ունի:

«Վարակվածը ներկայումս գտնվում է մեր կլինիկայում, մենք կանչել ենք ռեանիմոբիլ, և, հավանաբար, հիվանդը կտեղափոխվի Գորիի հիվանդանոց», – sknews-ի հետ զրույցում հայտնել են բժշկական հաստատությունից:

Բուժանձնակազմը ստուգվում է վիրուսի առկայության համար երկու շաբաթը մեկ անգամ: Այսօրվա տվյալներով՝ Ախալցիխեի «Իմեդի» կլինիկայում ստուգվել է ընդհանուր առմամբ 35 աշխատակից, և նրանցից ոչ ոքի մոտ կորոնավիրուս չի հայտնաբերվել:

Ապրիլի 30-ի դրությամբ Սամցխե-Ջավախքում կորոնավիրուսային վարակի 5 դեպք է հայտնաբերվել, վարակակիրներից միայն մեկն է տեղացի, այսինքն՝ սա Բորժոմիի առաջին դեպքն է, որը հաստատվել էր ապրիլի 16-ին, 4 հոգին Վրաստանի տարբեր շրջաններից են, ովքեր գտնվել են տարածաշրջանի կարանտինային գոտիներում: