Ակցիա՝ Չեխովի դպրոցի նոր տնօրենի ընտրության դեմ․ Ըստ լուրերի նա Տ. Ավինյանի ընկերոջ կինն է
Երևանի Չեխովի անվան N 55 դպրոցի ուսուցիչները, աշակերտները եւ նրանց ծնողները բողոքի ակցիա են իրականացնում Երեւանի քաղաքապետարանի դիմաց. նրանք վրդովված են, որ տնօրենի պարտականություններն այսօրվանից կատարում է Դիանա Մինասյանի, ով տնօրենի ընտրության առաջին 2 փուլերին մասնակցել է և չի հաղթել, իսկ հաջորդ փուլը կայանալու է ապրիլի 14-ին։
Բանն այն է, որ դեկտեմբերին լրացել է դպրոցի տնօրեն Գայանե Սարուխանյանի պշտոնավարման 5 տարի ժամկետը: Օրենսդրության համաձայն հոկտեմբերին տեղի է ունեցել մրցույթ, որի ժամանակ տնօրենի պաշտոնի համար առաջադրվել է 3 թեկնածու՝ Գայանե Սարուխանյանը, դպրոցի ուսմասվար Տաթեւիկ Մելքոնյանը եւ Դիանա Մինասյանը, որը դպրոցում չի աշխատում: Ըստ տարածված լուրերի Դիանա Միասյանի ամուսինը նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի ընկերն է եւ դասավանդում է Պետական տնտեսագիտական համալսարանում:
Երեք անգամ մրցույթ է տեղի ունեցել, սակայն այդպես էլ հաղթող չի ճանաչվել: Քաղաքապետարանն իր ձայները տվել է Դիանա Մինասյանին, ուսուցչական անձնակազմը եւ ծնողական կոմիտեն իրենց ձայները տվել են Գայանե Սարուխանյանին, իսկ Տաթեւիկ Մելքոնյանի օգտին քվեարկել է միայն ԿԳՄՍՆ-ի ներկայացուցիչները:
Քանի որ դեկտեմբերին լրացել էր Գայանե Սարուխանյանի պաշտոնավարման ժամկետը, նրա լիազորությունները դադարել են եւ քաղաքապետարանի որոշմամբ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել ուսմասված Տաթեւիկ Մելքոնյանը:
Դեկտեմբերից մինչ օրս նա պաշտոնավարել է որպես տնօրենի ԺՊ, սակայն այսօր նամակ է ստացել քաղաքապետարանից, որ որեւէ բան չստորագրի որպես ԺՊ, որովհետեւ այլ մարդ է նշանակում ժամանակավոր պաշտոնակատար:
Սա անակնկալ է եղել ուսուցչական կոլեկտիվի եւ աշակերտների համար, ինչն էլ առաջացրել է նրանց վրդովմունքը:
«Շատ հեշտ է քանդել դպրոցի՝ տարիներով ստեղծված մթնոլորտը։ Տարիներ շարունակ դպրոցը ունեցել է հրաշալի ղեկավար, նրա պարտականությունների ավարտից հետո դպրոցը այժմ ունի իր թեկնածուն, որը շատ լավ իրականացնում է իր պարտականությունները։ Ու հետո վերցնել ու նշանակել ոմն մեկին՝ հաշվի չառնելով որևիցե մեկի կարծիքը ու որոշումը, ճիշտ չէ։ Նոր թեկնածուն՝ Դիաննա Մինասյանը, ով քաղաքապետարնից ստացել է 4 ձայն, բացարձակ որևէ շփում չի ունեցել ծնողների, դպրոցի հետ, նա ինչպես պետք է ղեկավարի դպրոցը»,- լրագրողների հետ զրույցում ասաց ակցիայի մասնակից ծնողներից մեկը։
Ծնողները վստահեցնում են, որ իրենց ակցիան որևէ քաղաքական բնույթ չի կրում։ Եթե իրենց թեկնածուն չանցնի, ապա ծնողները իրենց բողոքը երկու եղանակով կարող են արտահայտել․ կամ պետք է իրենց երեխային դպրոց չուղարկեն, կամ պետք է հանեն երեխային այդ դպրոցից։


