երկուշաբթի, հունիս 17
17 / 6 / 2024
AEG Service-ի աշխատողը նշել է Նոր Հաճնում տեղի ունեցած ողբերգական դեպքի հնարավոր պատճառը

AEG Service-ի աշխատողը նշել է Նոր Հաճնում տեղի ունեցած ողբերգական դեպքի հնարավոր պատճառը

AEG Service-ի աշխատող Արմեն Ասատրյանն այսօր լրագրողների հետ զրույցում նշել է Նոր Հաճնում ընտանիքի հինգ անդամների մահվան հավանական պատճառը:

Նա ասաց, որ Նոր Հաճնում ընտանիքի 5 անդամների մահվան պատճառը կարող էր լինել այն, որ գազօջախն օգտագործել են ջեռուցման նպատակով, ինչը կտրականապես արգելվում է։

Ասատրյանը նշեց, որ Նոր Հաճնի այս բնակելի շենքը ստուգվել է վեց ամիս առաջ։ Նա ընդգծեց, որ բնակիչների կողմից թերացումներ հաճախակի են լինում:

«Բնակիչները բավականին շատ խախտումներ են թույլ տալիս, նախագծից դուրս, նախագծի շեղումով գազասարքեր են տեղադրում, անգամ ինքնաշեն, ամեն կերպ փորձում են տաքացնել տները, ինչը մեր կողմից արձանագրվում է, թերությունները վերացվում են։ Փականագործի հիշելով բավականին ժամանակ է անցել, շատ տներ է մտել այդ ժամանակ։ Նրա հիշելով նորմալ է եղել բնակարանում ամեն ինչ։  Ստուգել է եւ ըստ նրա՝ թե՛ ծխատար, թե՛ օդատար ուղիները եղել են սարքին»,-ասաց Ասատրյանը։

Ըստ նրա՝ բնակիչների կողմից հիմնական խախտումը ձայնաազդանշային համակարգն անջատելն է. «Երևի մտածում են՝ հոսանքը շատ է գրում, սակայն այն շատ քիչ հոսանք է ծախսում։ Թունավորումների հիմնական դեպքերի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ ազդանշանային համակարգերն անջատված են եղել»։

Նա պատմեց, որ տուն մուտք գործելու պահին բնակարանը գազազրկված է եղել, այդ պատճառով վստահ չի կարող ասել՝ ինչն է եղել բնակիչների մահվան պատճառը.

«Բնակարանում վառարան չկար։ Փորձից ելնելով կարծում եմ, որ գազօջախն օգտագործել են ջեռուցման նպատակով, որը կտրականապես արգելվում է։ Բնակարանում 2 գազասարք է աշխատել, գազօջախն ու ջրատաքացուցիչը»։

Հիշեցնենք, որ Կոտայքի մարզում նոյեմբերի 16-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել. ժամը 13-ի սահմանում, ոստիկանության Կոտայքի մարզային վարչություն ահազանգ է ստացվել, որ Աբովյանի բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Նոր-Հաճն քաղաքի Իսահակյան փողոցի 2-րդ շենքի 11 բնակարան, որտեղ հայտնաբերել  է 5 քաղաքացու դի:

Ոստիկաններն ու քննիչները նշված տանը հայտնաբերել են այդ տան բնակիչներ, 77-ամյա Ժաննա Սիմոնյանի, 16-ամյա Էդուարդ Մ.-ի, 12-ամյա Սերինե Մ.-ի, 15-ամյա Տիգրան Ս.-ի եւ 14-ամյա Ժաննա Մ.-ի դիերը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ, ըստ նախնական տվյալների, երեխաները եւ նրանց տատը մահացել են շմոլ գազի արտահոսքից: Հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ 279-րդ հոդվածի 3 մասի հականիշներով:

  • Կիսվել: