2023-ին «Հայաստան» հիմնադրամն իրականացրել է 12 մլն դոլար արժողությամբ ծրագրեր
Այսօր` հունիսի 15–ին, տեղի ունեցավ «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի տարեկան նիստը, որը վարեց Հայաստանի Հանրապետության նախագահ, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Վահագն Խաչատուրյանը, ասված է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հաղորդագրության մեջ:
Նիստին մասնակցեցին հոգաբարձուների խորհրդի 22 անդամներ, որից 3-ը՝ հեռավար, ինչպես նաև տեղական մարմինների 19 անդամներ, որից 6–ը՝ հեռավար:
ՀՀ նախագահի խոսքով՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամն իր արդեն ձևավորած ավանդույթի համաձայն շարունակում է իր անմիջական ակտիվ մասնակցությունը համահայկական նշանակություն ունեցող բոլոր միջոցառումներին՝ ԼՂ–ից բռնի տեղահանվածների, Սիրիայի և Լիբանանի մեր հայրենակիցներին անհրաժեշտ օգնության և օժանդակության իրականացմամբ: Հիմնադրամի գործունեությունը համահունչ է նրա համահայկական առաքելությանը և նպատակ ունի նպաստել Հայրենիքի առաջ ծառացած մարտահրավերների դիմագրավելուն ու մեր հայրենակիցների համար ապրելու և արարելու բարեկեցիկ միջավայրի ստեղծմանը:
Հոգաբարձուների խորհուրդը լսեց «Հայաստան» համահայկական հիմնադրամի 2023 թվականի գործունեության մասին գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանի հաշվետվությունը։ Ներկայացվեցին Հայաստանում իրականացվող առողջապահական, սոցիալական, կրթական, բնակարանաշինության, վերականգնվող էներգիայի, մշակույթի և ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված մի քանի տասնյակ կենսական և լայնածավալ ծրագրերը:
Հայկակ Արշամյանի խոսքով, «Հայաստան» հիմնադրամը շարունակում է իրականացնել մեր հայրենիքի համար իր անկյունաքարային դերակատարությունը, այն է՝ զարգացնել սահմանային համայնքները, բարելավել մարդկանց կենսապայմանները, աջակցել կայուն և ապահով հասարակության ձևավորմանը, կրթել առողջ և զարգացած սերունդ, ստեղծել հավելյալ արժեք և առաջխաղացման նոր հնարավորություններ իր շահառուների համար:
«2023 թ.–ին Հիմնադրամն իրականացրել է ընդհանուր առմամբ 4,7 մլրդ դրամի կամ 12 մլն դոլար արժողությամբ ավելի քան 60 խոշոր և փոքր ծրագրեր: Հատկանշական է, որ 2023 թ.–ի համապարփակ ֆինանսական արդյունքը դրական է արձանագրվել»,–նշեց Հայկակ Արշամյանը: Հոգաբարձուների խորհուրդը հաստատեց «Հայաստան» համահայկական հիմնադրամի 2023 թվականի տարեկան ֆինանսական և գործունեության հաշվետվությունները, 2024 թվականի տարեկան բյուջեն, հոգաբարձուների խորհրդի գործունեությունը, գույքի տնօրինումը, աշխատանքային ներքին կանոնակարգը, ինչպես նաև հոգաբարձուների խորհրդի նոր անդամի նշանակումը։
Հոգաբարձուների խորհուրդը ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնեց Հիմնադրամի հազարավոր նվիրատուներին, գործընկեր կազմակերպություններին, ինչպես նաև Հիմնադրամի տեղական մարմիններին և անձնակազմին՝ նվիրումով աշխատելու և Հայրենիքի զարգացման գործում իրենց անգնահատելի ներդրումն ունենալու համար: Առանձնահատուկ շնորհակալություն հայտնեցին համայն հայությանը՝ համախմբվածության, նվիրվածության, ներգրավվածության և վստահության համար: