ԱՄՆ-ն Ուկրաինային համաձայնություն չի տվել արտադրել Patriot հրթիռներ. Թրամփ
ԱՄՆ-ն պետք է շատ զգույշ լինի Ուկրաինային Patriot հակաօդային պաշտպանության համակարգի հրթիռներ արտադրելու լիցենզիա տրամադրելու հարցում։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:
Պատասխանելով լրագրողների այն հարցին, թե արդյոք ԱՄՆ-ն կթույլատրի Ուկրաինային արտադրել այդ հրթիռները՝ Թրամփն ասել է. «Այս զենքերն անհավանական են։ Մենք պետք է շատ զգույշ լինենք, երբ որևէ մեկին թույլ ենք տալիս դրանք արտադրել»:
Նշենք, որ Կիևը պնդում է, որ այդ հրթիռներն անհրաժեշտ են ռուսական հարձակումներից պաշտպանվելու համար։
Կիևի և Մոսկվայի փոխադարձ հեռահար հարվածների ինտենսիվացման ֆոնին՝ այս շաբաթ Սպիտակ տանն ավելի քան մեկ ժամ բանակցություններ են ընթացել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու միջև: Թրամփը հանդիպումը դրական էր գնահատել: Ուկրաինայի նախագահն էլ իր հերթին ասել էր, որ «լավ հանդիպում է» ունեցել նախագահ Թրամփի հետ:
Հաղորդվել էր, որ Զելենսկին նախագահ Թրամփի հետ քննարկել է Ռուսաստանի հետ խաղաղ բանակցություններին նոր թափ հաղորդելու հնարավորությունները, ամերիկյան հրթիռային համակարգեր արտադրելու լիցենզավորման հետ կապված հարցեր:



