շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
2022-ի աշնանից նպաստից զրկված ընտանիքները կշարունակեն նպաստ ստանալ մինչև այս տարվա հուլիսի 1-ը

2022-ի աշնանից նպաստից զրկված ընտանիքները կշարունակեն նպաստ ստանալ մինչև այս տարվա հուլիսի 1-ը

Կառավարությունն իր այսօրվա նիստում որոշում կայացրեց, որով սահմանվեց, որ թեեւ 2022 թվականի սեպտեմբերի 1-ից բարձրացել են կենսաթոշակի, մինչև երկու տարեկան երեխայի խնամքի, ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու նպաստների, ընտանիքում 3-րդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծննդյան կապակցությամբ վճարվող դրամական աջակցության, պարգևավճարների չափերը, սակայն անապահով ընտանիքների ընտանեկան և սոցիալական նպաստի իրավունքը կպահպանվի՝ մինչև ընտանիքների անապահովության գնահատման նոր համակարգի ներդրումը։

Հիմնավորման մեջ նշվում է, որ այդ նպաստները համարվում են ընտանիքի ամբողջական եկամտի կազմի մեջ մտնող եկամուտ և դրանց փոփոխության դեպքում նվազում է ընտանիքների անապահովության միավորը, ինչն էլ իր հերթին նպաստի իրավունքի դադարեցման հնարավոր պատճառ է դառնում:

2022 թվականի սեպտեմբերի 1-ից Հայաստանում բարձրացվել են կենսաթոշակների, ինչպես նաև ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների չափերը։ Դրանք ամրագրվել են 2022 թվականի հոկտեմբեր ամսվա ընտանիքների անապահովության գնահատման համակարգի տեղեկատվական բազայում։ Արդյունքում 2022 թվականի նոյեմբերի 1-ից շուրջ 3000 ընտանիքների անապահովության միավորը նվազել է նպաստի իրավունք տվող անապահովության միավորի սահմանային մեծությունից` 28.00-ից, ինչի պատճառով սոցիալապես անապահով ընտանիքների ընտանեկան և սոցիալական նպաստի իրավունքը դադարեցվել է, որը հանգեցրել է սոցիալապես անապահով ընտանիքների դժգոհության և սոցիալական լարվածության առաջացման։

Հաշվի առնելով վերոգրյալը, ԼՂ-ից բռնի տեղահանվածների հետ կապված ստեղծված իրավիճակը, ինչպես նաև այն հանգամանքը, որ անապահովության գնահատման նոր համակարգի ներդնումը գտնվում են լրամշակման փուլում և փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորությամբ քննարկումից հետո կներկայացվի ՀՀ վարչապետի աշխատակազմ, անապահովության գնահատման նոր համակարգը նախատեսվում է ներդնել համապատասխան իրավական ակտերի ընդունումից հետո։

Նախագծով առաջարկվում է 2022-ի սեպտեմբերի 1-ից բարձրացված նպաստների չափերի հնարավոր բարձրացումներն ընտանիքների անապահովության գնահատման համակարգում ընտանիքի ամբողջական եկամտի կազմում մինչև 2024 թվականի հուլիսի 1-ը չհաշվարկել։

  • Կիսվել: