շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
155 անվասայլակ` նյարդաօրթոպեդիկ ախտաբանություններով երեխաներին

155 անվասայլակ` նյարդաօրթոպեդիկ ախտաբանություններով երեխաներին

Նյարդաօրթոպեդիկ ախտաբանություններով երեխաների վերականգնողական բուժման գործընթացը և կյանքի որակը բարելավելու նպատակով մարդասիրական օգնության շրջանակներում «UCP Wheels for Humanity» կազմակերպության կողմից 155 «Լիբերթի 2» տեսակի մանկական անվասայլակներ են տրամադրվել առողջապահության նախարարությանը: Դրանք բաշխվել են այդ խնդրով զբաղվող 6 բժշկական կազմակերպության` 3-ական` ներհիվանդանոցային օգտագործման համար, մնացած 137-ը` նյարդաօրթոպեդիկ խնդիրներով երեխաներին տրամադրելու նպատակով: Այդ մասին հայտնում են Առողջապահության նախարարությունից:

Անվասայլակները տրամադրվելու են այն երեխաներին, որոնց ֆունկցիոնալ վիճակը գնահատվել է 4 կամ 5` ըստ աճի շարժունակության ֆունկցիոնալ գնահատման համակարգի (GMFCS 4,5): Դրանք հարմարեցված են այս խմբի երեխաների համար. ունեն հարակից պարագաներ` գլխի դիրքի և պարանոցի անկյան վերահսկողության, կոնքի անկյան, ուսագոտու և իրանի դիրքավորման համար, բազմաֆունկցիոնալ են, նախատեսված թե' քաղաքային, թե' գյուղական ճանապարհների համար:

Միաժամանակ, առողջապահության նախարարության մանկական օրթոպեդիայի գծով խորհրդատու «Արաբկիր» ԲՀ  վնասվածքաբանության և օրթոպեդիայի ծառայության ղեկավար Վահե Յավրյանն անվասայլակների հավաքման և շահագործման վերաբերյալ կրթական ծրագիր է կազմակերպել բժշկական կազմակերպությունների ներկայացուցիչների համար: Դասընթացներն անցկացվել են առցանց` արտասահմանցի գործընկերների հետ համատեղ:

Նշենք, որ «UCP Wheels for Humanity» հետ գործընկերային կապերը ստեղծվել են մեկ տարի առաջ, երբ  առողջապահության նախարարության մանկական օրթոպեդիայի գծով խորհրդատու Վահե Յավրյանը մասնակցել է Մանկական ուղեղային կաթվածի Ամերիկյան ակադեմիայի տարեկան համաժողովին:

  • Կիսվել: