ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Պարեկները խախտում չեն արել․ թյուր կարծիք է, թե պարեկների աչքի առաջ է տեղի ունեցել մահը. փոխնախարարը՝ Կապանի դեպքի մասին

Պարեկները խախտում չեն արել․ թյուր կարծիք է, թե պարեկների աչքի առաջ է տեղի ունեցել մահը. փոխնախարարը՝ Կապանի դեպքի մասին

Թյուր կարծիք է, որ պարեկների աչքի առաջ է տեղի ունեցել մահը և նրանք միջամտություն ցույց չեն տվել: Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ անդրադառնալով օրերս Կապանում տեղի ունեցած դժբախտ դեպքին, ասաց ՆԳ փոխնախարար Արփինե Սարգսյանը։

«Ըստ էության, պարեկները ձերբակալել են քաղաքացուն՝ իրավաչափ նպատակներով, այնուհետեւ, քանի որ բակում է տեղի ունեցել, հայրն է մոտեցել քաղաքացու: Պարեկները բացատրել են հորը, թե ինչ նպատակով է իրականացվում ձերբակալումը: Այնուհետեւ տղային ներկայացրել են բաժին, հայրը բարձրացել է վերեւ: Հետո բաժնում արդեն քաղաքացին տեղեկացել է, որ տանը հայրը մահացել է:

Իրավաչափության մասով ասեմ, որ ՆԳՆ ներքին անվտանգության եւ հակակոռուպցիոն վարչությունում արդեն իսկ դեպքի մանրամասներն ամբողջությամբ ուսումնասիրվել են, այդ թվում պարեկների կրծքին ամրակցված տեսախցիկների ձայնագրությունները: Դրանով որեւէ խախտում պարեկային ծառայողների կողմից չի արձանագրվել»,-ասաց փոխնախարարը:

«Եթե կարիք լինի տեսաձայնագրությունները տրամադրելու, մենք որևէ խնդիր չունենք։ Քաղաքացին չի ենթարկվել պարեկների օրինական պահանջին, ընդ որում, մի քանի անգամ: Հետագայում կիրառվել է ձերբակալումը որպես հարկադրանքի միջոց»,- ասաց փոխնախարարը:

Նա չցանկացած մանրամասներ հայտնել, քանի որ վարույթ է հարուցվել այդ դեպքի հետ կապված:

Հիշեցնենք, որ օրերս տեղեկություն տարածվեց, որ Կապանում պարեկները մեքենան տևական ժամանակ վարել են քաղաքացի Ռազմիկ Մարտիրոսյանի հետևից, հասել մինչև տան բակ ու կանգնեցրել վարորդին։ Մեքենայի գույքահարկը չվճարելու համար պարեկների ու քաղաքացու միջև վիճաբանություն ու քաշքշուկ է տեղի ունեցել։

Որդու նկատմամբ կատարված բռնության տեսարանին ականատես հայրը իջել է տնից, մոտեցել պարեկներին ու խնդրել դադարեցնել բռնությունը: Պարեկները ձեռնաշղթաներ են հագցրել որդուն եւ տարել։ Նույն ժամանակ հոր ինքնազգացողությունը վատացել է և տեղում ինֆարկտից մահացել է։

  • Կիսվել: