ՀՀ քաղաքացին փորձել է 44 հազար լարիի դեղորայք ապօրինի տեղափոխել Վրաստան
Հայաստանի քաղաքացին «Սադախլո» անցակետով, ավտոմեքենայի բեռնախցիկում տեղադրված բնական գազի բալոնում հատուկ պատրաստված թաքստոցի միջոցով, տեղափոխել է դեղորայք, որի մաքսային արժեքը կազմել է 44 հազար 892 լարի։ Տեղեկատվությունը տարածում է Ֆինանսների նախարարության քննչական ծառայությունը, գրում է aliq.ge-ն:
«Քննչական ծառայությունը մաքսային սահմանով առանձնապես խոշոր չափերի դեղորայքի ապօրինի տեղափոխման փաստով մեկ անձի է բացահայտել։ Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայության աշխատակիցները, Եկամուտների ծառայության մաքսային դեպարտամենտի աշխատակիցների հետ համատեղ, իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում, մաքսային սահմանով առանձնապես խոշոր չափերի ապրանքների տեղափոխման կանոնների խախտման փաստով բացահայտել են մեկ անձի։
Օպերատիվ տեղեկատվության հիման վրա անցկացված միջոցառման արդյունքում պարզվել է, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին «Սադախլո» մաքսային-անցումային կետով, մաքսային հսկողությունից թաքուն, իր կողմից վարած մարդատար ավտոմեքենայի բեռնախցիկում տեղադրված բնական գազի բալոնում հատուկ հարմարեցված թաքստոցի կիրառմամբ Վրաստանի մաքսային սահմանով տեղափոխել է տարբեր անվանումների դեղորայք, որի մաքսային արժեքը կազմել է 44 հազար 892 լարի։
Գործով քննությունը ընթանում է Վրաստանի քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի 2-րդ մասով, ինչը որպես պատիժ նախատեսում է ազատազրկում՝ 5-ից 7 տարի ժամկետով», — նշված է տարածված տեղեկատվության մեջ։



