երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
ԱՊՀ պետությունների միջև համագործակցության մեխանիզմներ կստեղծվեն հարկադիր վտարման ենթակա անձանց փաստաթղթավորման հետ կապված

ԱՊՀ պետությունների միջև համագործակցության մեխանիզմներ կստեղծվեն հարկադիր վտարման ենթակա անձանց փաստաթղթավորման հետ կապված

Ինչպես նախորդ նախագծի դեպքում, այս դեպքում ևս անցել ենք միջազգային պայմանագրին բնորոշ բոլոր ընթացակարգերը, այսինքն՝ ունեցել ենք իրավասու նախարարությունների դրական եզրակացությունը և նաև ՍԴ-ի որոշումն առ այն, որ համաձայնագրով ստանձնած պարտավորությունները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանը և որևէ հակասություններ չկան: Այս մասին «Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների՝ հարկադիր վտարման ենթակա անձանց՝ վերադարձի վկայականներով փաստաթղթավորման հարցերով փոխգործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ ասաց ՀՀ ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը:

Համաձայնագրի նպատակն է ստեղծել հարկադիր վտարման ենթակա անձանց փաստաթղթավորման ժամանակ համագործակցության արդյունավետ մեխանիզմներ:

Համաձայնագրի` ուժի մեջ մտնելու համար նախատեսված ընթացակարգերը կատարվել են Ռուսաստանի Դաշնության կողմից, Բելառուսի Հանրապետության համար ժամանակավորապես կիրառվում է 2023 թ. հուլիսի 8-ից:

Նրա խոսքով՝ համաձայնագիրը ստորագրվել է ՀՀ վարչապետի կողմից 2023 թվականի հունիսի 8-ին Սոչիում, որտեղ, ըստ էության, ստորագրություն ենք ունեցել ևս երկու երկրի հետ:

«ՀՀ-ն երրորդ ստորագրող պետությունն է այս իրավիճակում: ՌԴ-ն, Բելառուսը ևս միացել են համաձայնագրին և ստորագրել են, բայց ի տարբերություն մյուս երկու երկրների, որոնք ժամանակավոր կիրառություն են ունեցել համաձայնագրի մասով, հաշվի առնելով, որ նաև մեր ներպետական օրենսդրությունը չունի համաձայնագրի ժամանակավոր կիրառության ինստիտուտ` ՀՀ-ն ստորագրել է համաձայնագիրը, սակայն որոշակի վերապահումով: Եթե ՀՀ-ի կողմից համաձայնագրի վավերացումից հետո ևս այլ պետություն միանա համաձայնագրին, ՀՀ-ն իրավասու կլինի կատարելու վերապահում տվյալ երկրի մասով: Սա, իհարկե, անպայմանորեն չի արձանագրում, որ Հայաստանը կատարելու է այդ վերապահումը, այլ թույլ է տալիս ունենալու ճկունություն, որպեսզի իքս իրավիճակում, երբ լինեն տարբեր ռիսկեր, ՀՀ-ն կարողանա տվյալ իրավիճակում իր վարքագիծը կանոնակարգել ըստ այդ իրավիճակի»,- պարզաբանեց նախարարի տեղակալը:

Հարակից զեկուցող, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Մարիա Կարապետյանի խոսքով՝ հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել «Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների՝ հարկադիր վտարման ենթակա անձանց՝ վերադարձի վկայականներով փաստաթղթավորման հարցերով փոխգործակցության մասին» համաձայնագիրը վաավերացնելու մասին օրենքի նախագծին:

«Այս համաձայնագիրը ստորագրվել է Սոչիում տեղի ունեցած ԱՊՀ մասնակից պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստի ժամանակ: Հայաստանի կառավարությունը համաձայնագիրը ստորագրել է և Ազգային ժողովի վավերացմանն է ներկայացնում վերապահումով: Համաձայնագիրը վերադարձի վկայականներ տրամադրելու շուրջ համագործակցության մասին է, այն չի վերաբերում քրեական գործերով հանձնման և հետընդունման ոլորտում պետությունների համագործակցությանը: Հարկ է նաև ընդգծել, որ համաձայնագիրը չի անդրադառնում այն հարցերիn, թե ինչպես, ինչ հիմքերով է որոշվում անձի հարկադիր վտարման ենթակա լինելու հանգամանքը, այսինքն՝ այս հարցերը կորոշեն պետությունները իրենց գործող ընթացակարգերով, Հայաստանի պարագայում դա դատարանի որոշումն է, համաձայնագիրը չի անդրադառնում այսպիսի բովանդակային հարցերի»,- պարզաբանեց Կարապետյանը:

Նրա խոսքով՝ այս համաձայնագրի անհրաժեշտությունը կառաջանա այն պարագայում, երբ պարզվի, որ հարկադիր վտարման ենթակա անձը չունի փաստաթուղթ:

Համաձայնագիրը սահմանում է այն հարցաթերթիկը, որը պետությունները պետք է ուղարկեն միմյանց և այն ժամկետները, որ համապատասխան գերատեսչությունները պետք է արձագանքեն միմյանց:

«Ընդհանուր առմամբ, համաձայնագիրը կնպաստի առավել համակարգված համագործակցության հարկադիր վտարման ենթակա անձանց վերադարձի վկայականներով փաստաթղթավորման ոլորտում ԱՊՀ պետությունների միջև, որոնք արդեն միացել են կամ կմիանան համաձայնագրին»,- նշեց Կարապետյանը:

  • Կիսվել: