ուրբաթ, հոկտեմբեր 2
2 / 10 / 2026
Պուտինը չեղարկել է այն սահմանափակումները, որոնք գործել են Ուկրաինայի դեմ նախորդ օդային հարձակումների ժամանակ. Զելենսկի

Պուտինը չեղարկել է այն սահմանափակումները, որոնք գործել են Ուկրաինայի դեմ նախորդ օդային հարձակումների ժամանակ. Զելենսկի

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չեղարկել է այն սահմանափակումները, որոնք գործել են Ուկրաինայի դեմ նախորդ օդային հարձակումների ժամանակ: Այսպիսի տեղեկություններ, ըդստ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի, ստացել են Ուկրաինայի հատուկ ծառայությունները, տեղեկացնում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Նշվում է, որ նախօրեին, գտնվելով ռեակտիվ տիպի անօդաչու թռչող սարքի կողմից հենց նոր հարձակման ենթարկված դպրոցի ռմբապաստարանում, Զելենսկին Financial Times-ի թղթակցի հետ զրույցում ասել է. «Պուտինն ասել է, որ այժմ կանոններ չկան»։

Ըստ Զելենսկիի՝ Պուտինը նման հրաման է տվել սեպտեմբերին, երբ Ռուսաստանը սկսել է ուժեղացնել հարձակումները Կիևի ուղղությամբ։ Նրա կարծիքով՝ Մոսկվան պատրաստվում է ուժեղացնել հարձակումներն Ուկրաինայի խոշորագույն քաղաքների՝ Կիևի, Խարկովի և Օդեսայի ուղղությամբ։

«Ռուսաստանի ծրագրերում մտնում է նաև Լվովը»,- գրում է  լրատվամիջոցը՝ հղում անելով Ուկրաինայի և եվրոպական երկրների անվտանգության ծառայությունների ներկայացուցիչներին, որոնք «ծանոթ են հետախուզական տվյալներին»։

«Ուկրաինացի պաշտոնյաները հայտարարել են, որ Մոսկվան մտադիր է հարվածներ հասցնել միջուկային օբյեկտներին»,- ասվում է Financial Times-ի հոդվածում, սակայն չի նշվում, թե ինչ սպառնալիքի մասին է խոսքը։

Միաժամանակ, պարբերականը գրում է, որ Մոսկվայի ռազմավարության մի մասն է նաև ԵՄ-ում փախստականների նոր հոսք ստեղծելը։ «Ռուսական այս արշավը պատասխան էր Ուկրաինայի կողմից Ռուսաստանի տարածքի խորքում գտնվող նավթավերամշակման գործարաններին, նավահանգիստներին և պահեստներին հասցված հարվածներին։ Այդ հարձակումները վառելիքի պակաս են առաջացրել և ուժեղացրել են ռուսական քաղաքներում ու հանգստավայրերում անպաշտպանվածության զգացումը»,- պնդում է Financial Times-ը։

Միաժամանակ, նշվում է, որ Կիևը և մյուս քաղաքները պատրաստվում են դաժան ձմռանը՝ հակաօդային պաշտպանության միջոցների պակասի պայմաններում։ Ուրբաթ The New York Times-ը, կրկին հղում անելով աղբյուրներին, հայտնել էր, որ Ռուսաստանը, ենթադրաբար, մտադիր է հասնել Ուկրաինայի գործող երեք ատոմակայանների աշխատանքի դադարեցմանը՝ հրթիռային հարվածներ հասցնելով բաց բաշխիչ սարքավորումներին, որոնք կայանները միացնում են էլեկտրացանցին։

  • Կիսվել: