ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
ՍԴ-ն մերժեց Վահե Գրիգորյանի՝ գործի քննությանը մասնակցելու անհնարինության հարցը քննելու միջնորդությունը

ՍԴ-ն մերժեց Վահե Գրիգորյանի՝ գործի քննությանը մասնակցելու անհնարինության հարցը քննելու միջնորդությունը

ՍԴ-ն քննարկում է ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքները վիճարկող 4 ուժերի դիմումները։ Գործի դատաքննության ժամանակ «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության գործադիր մարմնի պատասխանատու Արա Զոհրաբյանը միջնորդություն ներկայացրեց ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի գործի քննությանը մասնակցելու անհնարինության հարցը լուծելու մասին։ Նա դա հիմնավորեց նրանով, որ Վահե Գրիգորյանը նախկինում եղել է Նիկոլ Փաշինյանի ներկայացուցիչը։ «Մեր կարծիքով ունի կանխակալ վերաբերմունք»,–ասաց նա։

«Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը նշեց, որ ըստ իրենց՝ Վահե Գրիգորյանը կանխակալ վերաբերմունք ունի «Հայաստան» դաշինքի նկատմամբ՝ հատկապես ցուցակը գլխավորող ցուցակի առաջին երեք համարների նկատմամբ։

ՍԴ անդամ Հրայր Թովմասյանը նկատեց, որ այս միջնորդությունն այս փուլում Սահմանադրական դատարանի կողմից քննության առարկա չի կարող դառնալ։ Դատավոր Երվանդ Խունդկարյանը ևս համաձայնեց Հրայր Թովմասյանի հետ և նշեց, որ ներկա փուլում նման հարց չեն կարող քննարկել։

Վահե Գրիգորյանը նշեց, որ դատարանի որոշելիքն է այս հարցը քննարկել, թե ոչ, և ինքը պատրաստ է իր բացատրությունները ներկայացնել։ «Պարո՛ն Զոհրաբյան, քանի որ հանրությունը նույնպես պետք է տեղյակ լինի այս ամենից, և ես չեմ ցանկանում թաքնվել ձևական պահանջների հետևում և բովանդակային կարևորություն ունեցող հարցերը թողնել անպատասխան, Ձեր բարձրացրած հարցն ամբողջ ծավալով, ավելի խորությամբ քննարկվել է աշխատանքային նիստի ընթացքում»,–ասաց նա։
Այսպիսով` հարցը սպառված համարվեց և նշվեց, որ միջնորդությունը չի քննարկվելու։

ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Ռուստամ Բադասյանն, անդրադառնալով  դիմող կողմի փաստարկին, թե ՔՊ-ի՝ որպես երրորդ անձ ներգրավվելուց հետո իրենք իրավունք են ստանում կրկին օգտվել նման իրավունքից, ասաց, որ դա անհիմն է: «Եթե կողմը կարծում էր, որ ՍԴ դատավորներից որևէ մեկը կանխակալ վերաբերմունք ունի, ապա ողջամտորեն կարող էր ներկայացնել միջնորդությունը դիմումի հետ միասին: Հետևաբար` այդ դատավարական ընթացակարգից դիմող կողմը չի կարող օգտվել: Փաստաբանության ոսկե կանոններից մեկն է՝ չի կարելի նույնականացնել փաստաբանին և իր վստահորդին»,-ասաց Բադասյանը:

ՍԴ դատավոր Երվանդ Խունդկարյանը համաձայնեց Հրայր Թովմասյանի հետ՝ նշելով, որ այս փուլում չեն կարող քննության առարկա դարձնել դատավորի մասնակցության անհնարինության հարց, ավելին՝ նման հարց կարող է բարձրացնել միայն ՍԴ դատարանի որևիցե դատավոր:  Դատավոր Արևիկ Պետրոսյանը, սակայն, չհամաձայնեց վերջին դիտարկման հետ: Նախագահ Դիլանյանը հայտնեց, որ բովանդակային առումով խնդիրը քննարկվել է: ՍԴ-ում արդեն կա որոշում՝ այդ կոնտեքստում: Կա նաև մեկ այլ խոչընդոտ՝ ՍԴ-ում առկա է պրակտիկա, որ որևէ դիմում վարույթ ընդունելուց հետո չեն անդրադառնում դատավորների մասնակցության անհնարինության հարցին: Ըստ այդմ՝ առաջարկվեց չքննարկել միջնորդությունը:  Ըստ էության, դատավորները համաձայնեցին այն  չքննարկելուն:

 

  • Կիսվել: