կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Պետական շահերի պաշտպանության ոլորտում 2022 թվականին հայտնաբերվել է 428 իրավախախտում

Պետական շահերի պաշտպանության ոլորտում 2022 թվականին հայտնաբերվել է 428 իրավախախտում

Պետական շահերի պաշտպանության ոլորտում 2022 թվականի ընթացքում կատարվել է 212 ուսումնասիրություն (2021 թվականին՝ 885), հայտնաբերվել է 428 իրավախախտում (2021 թվականին՝ 379):

​Հաշվետու և նախորդ ժամանակաշրջաններում բավարարված հայցերով փաստացի վերականգնվել է 11 մլն 106 հազար դրամ:

2022 թվականին դատարաններ է ներկայացվել 91 հայց՝ 27 մլրդ 124 մլն 116 հազար դրամի բռնագանձման պահանջով (2021 թվականի ընթացքում՝ 74 հայց՝ 624 մլն 461 հազար դրամի բռնագանձման պահանջով):

Դատախազության ստորաբաժանումների կողմից պետական շահերի պաշտպանության գործառույթի շրջանակում իրականացված ուսումնասիրությունների արդյունքում հարուցվել է 14 քրեական գործ (վարույթ) (2021 թվականին՝ 99):

2022 թվականի ընթացքում պետական կառավարման տարբեր ոլորտներում իրականացված ուսումնասիրությունների արդյունքներով մի շարք դեպքերում արձանագրվել են պետական շահերի խախտումների հետևանքով պետությանը և համայնքներին պատճառված առանձնապես խոշոր չափերի գույքային վնասներ:

Մասնավորապես՝

• Հյուսիսային պողոտայի և կասկադի կառուցապատման ծրագրերի իրականացման գոտում ներառված մի շարք հասցեներում գտնվող (ք. Երևան, Պուշկին փ. 14, Պուշկին փ. 15, Պուշկին փ. 11, Պուշկին փ. 28, Պուշկին փ. 23, Պուշկին փ. 34, Պուշկին փ. 19, Արամի փ. 38, Արամի փ. 36, Արամի փ. 34, Աբովյան փ. 1/4 , Թումանյան փ. 21/4, Թումանյան փ. 23/1, Տերյան փ. 35, Տերյան փ. 31, Տերյան փ. 29, Տերյան փ. 27, Տերյան փ. 23,25, Հին Երևանցու փ. 37) պատմամշակութային հուշարձանների վնասման, քանդման վերաբերյալ 14.07.2022 թվականին հանցանքի մասին հաղորդում է ներկայացվել ՀՀ քննչական կոմիտե՝ քրեական վարույթ նախաձեռնելու համար: 26.07.2022 թվականին նախաձեռնվել է քրեական վարույթ Քրեական օրենսգրքի 446-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական անփություն), 301-րդ հոդվածի 1-ին մասով (պատմության կամ մշակույթի հուշարձաններ ոչնչացնելը կամ վնասելը) նախատեսված հանցագործությունների հատկանիշներով:

 

• Տնտեսվարող սուբյեկտը 2004 թվականին համայնքից 125 մլն 963 հազար դրամով ձեռք է բերել պետական բաժնեմասով ընկերությանը պատկանած գույք՝ մարզահամալիր: 2006 թվականին նշված գույքը գրավադրվել է բանկում 3 մլն 500 հազար ԱՄՆ դոլարի դիմաց, իսկ 2014 թվականին, Կառավարության որոշման հիման վրա, պետական բյուջեի նկատմամբ ունեցած 9 մլրդ 45 մլն դրամ հարկային պարտավորությունների դիմաց հանձնել է պետությանը: Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում իրականացված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ վերոնշյալ գործողությունների հետևանքով պետությանը պատճառվել է շուրջ 6 մլրդ 628 մլն դրամի վնաս: 08.11.2022 թվականին հանցանքի մասին հաղորդում է ներկայացվել Հակակոռուպցիոն կոմիտե. 11.11.2022 թվականին նախաձեռնվել է քրեական վարույթ:

• Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում իրականացված ուսումնասիրությամբ պարզվել է, որ Կառավարության 2002 թվականի նոյեմբերի 28-ի N 1880-Ա որոշմամբ, պետական բաժնեմասով ԲԲ ընկերությանը թույլատրվել է Երևանի Շենգավիթ թաղային համայնքի բյուջեի նկատմամբ ունեցած պարտքի դիմաց ընկերության հաշվեկշռում հաշվառված մանկապարտեզը թաղային համայնքին որպես սեփականություն հանձնելու մասին: Նշված որոշման հիմքում դրված, ՍՊ ընկերության կողմից կազմված գնահատման հաշվետվության տվյալներով՝ մանկապարտեզի շուկայական արժեքը գնահատվել է 17 մլն դրամ: ԲԲ ընկերության և Շենգավիթի թաղապետարանի միջև 2003 թվականի սեպտեմբերի 2-ին կնքվել է անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր, որով հիշյալ մանկապարտեզը ընկերության կողմից 29 մլն 24 հազար 800 դրամ արժեքով վաճառվել է թաղապետարանին: Երևանի Շենգավիթի թաղապետի 25.11.2003 թվականի որոշման համաձայն՝ մանկապարտեզը 30 մլն 512 հազար 827 դրամով օտարվել է աճուրդում հաղթող ճանաչված ֆիզիկական անձին: Մինչդեռ, Կադաստրի կոմիտեի տվյալների համաձայն՝ Երևանի Շենգավիթ համայնքում գտնվող վերոնշյալ մանկապարտեզի՝ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը կազմում է 274 մլն 484 հազար 220 դրամ: 10.11.2022 թվականին հանցանքի մասին հաղորդում է ներկայացվել Հակակոռուպցիոն կոմիտե. 17.11.2022 թվականին նախաձեռնվել է քրեական վարույթ:

• Երևանի քաղաքապետի 26.04.2006 թվականի թիվ 622-Ա որոշմամբ և 08.04.2008 թվականի թիվ 1619-Ա որոշմամբ՝ «Գոլդեն Փելիս» հյուրանոց և «Գոլդեն Փելիս» ՍՊ ընկերություններին ուղղակի վաճառքի ձևով օտարվել է համապատասխանաբար՝ 17077.6 քմ և 10000 քմ մակերեսով հողամասեր, այն դեպքում, երբ նշված հողամասերը որպես «Հաղթանակ զբոսայգու» մաս ընդգրկված էին Հողային օրենսգրքով սահմանված օտարման ոչ ենթակա հողամասերի ցանկում, ուստի ենթակա չէին օտարման: ՀՀ գլխավոր դատախազության կողմից 25.04.2022 թվականին 2 հայց է հարուցվել դատարան: Ուղիղ մեկ տարի անց՝ 25.04.2023 թվականին, Դատարանը բավարարեց Գլխավոր դատախազության հայցը և «Հաղթանակ» զբոսայգում «Գոլդեն Փելիս» հյուրանոցին ապօրինի օտարված 17077,6 քմ մակերեսով հողամասը, վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետ, կվերադարձվի պետությանը:

 

• Քննչական կոմիտեի հատուկ հանձնարարություններով գործերի քննության վարչությունում քննվող թիվ 58221721 քրեական գործի շրջանականերում ստացված տեղեկատվության հիման վրա պարզվել է, որ Արարատի մարզի Սուրենավան համայնքի ղեկավարը 2018-2019 թվականներին համայնքի վարչական սահմաններում գտնվող և պետական սեփականություն հանդիսացող 14 հողամասերը օտարել է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգի խախտմամբ: Արդյունքում համայնքի ղեկավարի որոշումներն անվավեր ճանաչելու պահանջով 29.08.2022 թվականին հայց է հարուցվել Վարչական դատարան:

• Մեկ այլ քրեական գործով տրամադրված փաստաթղթերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ Երևան քաղաքի տարբեր հատվածներում՝ Գ.Հովսեփյան, Լուկաշին փողոցներին, Ծիծեռնակաբերդի խճուղուն հարող տարածքներում և Աջափնյակ Գ-1 թաղամասում գտնվող 11 հողամասերի նկատմամբ գրանցվել են տարբեր անձանց սեփականության իրավունքներ, այն դեպքում, երբ իրավասու պետական մարմինը՝ Երևանի քաղաքապետը, նշված հողամասերն օտարելու վերաբերյալ որոշումներ չի կայացրել, ինչը նշանակում է, որ Երևանի քաղաքապետի և նշված անձանց միջև օտարման իրավահարաբերություն չի ծագել, նշված հողամասերը որևէ մեկի չեն օտարվել: Գլխավոր դատախազությունը 11.10.2022 թվականին վերոնշյալ հողամասերի վերաբերյալ 2 հայց է հարուցել ՀՀ վարչական դատարան՝ Երևանի քաղաքապետի որոշումներից ծագող իրավահարաբերությունների բացակայությունը ճանաչելու և, որպես հետևանք, առուծախի պայմանագրերը, ՀՀ կադաստրի կոմիտեում կատարված իրավունքի պետական գրանցումները և սեղանամատյանի գրառումներն անվավեր ճանաչելու պահանջով:

• Լրատվամիջոցում հրապարակված հոդվածի ուսումնասիրության արդյունքում 18.10.2022 թվականին հայց է հարուցվել ՀՀ վարչական դատարան՝ Երքաղխորհրդի գործկոմի և «Աստղիկ-1» կոպերատիվի միջև Երևան քաղաքի Արամի փող. 3 և 5 հասցեների անշարժ գույքի օտարման իրավահարաբերության բացակայությունը ճանաչելու և որպես հետևանք իրավունքի պետական գրանցումները և սեղանամատյանի գրառումներն անվավեր ճանաչելու պահանջներով: Վարչական դատարանի 28.10.2022 թվականի որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ:

• Ազգային ժողովի պատգամավորի կողմից ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված գրության կապակցությամբ նախաձեռնված ուսումնասիրության արդյունքում 18.11.2022 թվականին հայց է հարուցվել Վարչական դատարան՝ Հայաստանի Հանրապետության և Արտասահմանյան երկրների հետ մշակութային կապի և համագործակցության հայկական ընկերության միջև Երևան քաղաքի Աբովյան փողոց 3 հասցեի անշարժ գույքի օտարման իրավահարաբերության բացակայությունը ճանաչելու և, որպես հետևանք, ՀՀ կադաստրի կոմիտեում Արտասահմանյան երկրների հետ մշակութային կապի և համագործակցության հայկական ընկերության 2001 թվականի հուլիսի 3-ին և «ԱՕԿՍ» ՍՊ ընկերության անվամբ 2011 թվականի նոյեմբերի 25-ին կատարված իրավունքի պետական գրանցումները և սեղանամատյանի գրառումներն անվավեր ճանաչելու պահանջներով: Հայցադիմումը ՀՀ վարչական դատարան մուտքագրվել է 22.11.2022 թվականին:

• Մեկ այլ քրեական գործի շրջանակում պարզվել է, որ Երևանի քաղաքապետի 12.06.2003 թվականի թիվ 1284-Ա որոշմամբ, Փափազյան փողոցի վերջնամասում գտնվող «Արաբկիր» զբոսայգու 2,97 հա մակերեսով Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում ընդգրկված պետական սեփականություն հանդիսացող հողամասից առանձնացվել է 1500 քմ մակերեսով հողամաս և օտարվել, որի արդյունքում զբոսայգու տարածքը նույն չափով նվազել է: Նկատի ունենալով, որ նշված գործընթացը կատարվել է նման իրավասություն չունեցող անձի կողմից՝ Գլխավոր դատախազությունը 22.12.2022 թվականին հայց է հարուցել Վարչական դատարան՝ Երևանի քաղաքապետի որոշումն առոչինչ ճանաչելու պահանջով:

• Մեկ այլ քրեական գործի նյութերով ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ 13.04.2022 և 01.11.2022 թվականներին հարուցվել է 2 հայց՝ ոչ օրինաչափ վարքագծի հետևանքով պետությանը պատճառված վնասը բռնագանձելու պահանջով: Վերոնշյալ հայցերով Սամվել Մայրապետյանից պահանջվել է բռնագանձել 17 մլրդ 375 մլն 758 հազար 242 դրամ, իսկ Սամվել Մայրապետյանից և Գագիկ Հակոբջանյանից համապարտության՝ կարգով՝ 5 մլրդ 678 մլն 764 հազար 260 դրամ:

  • Կիսվել: