շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Ոստիկանությունն ուսումնասիրում է Սանասարյանի կողմից  երեխային վրաերթի ենթարկելու մասին պատմող տեսանյութը

Ոստիկանությունն ուսումնասիրում է Սանասարյանի կողմից երեխային վրաերթի ենթարկելու մասին պատմող տեսանյութը

ՊՎԾ նախկին ղեկավար Դավիթ Սանասարյանի կողմից երեխայի վրաերթի ենթարկելու մասին պատմող տեսանյութն ուսումնասիրվում է: Այս մասին տեղեկացրել են ոստիկանությունից՝ նշելով, որ ծանոթ են տեսանյութին և անհրաժեշտ ուսումնասիրություն են կատարում։

Հիշեցնենք, որ Analitik.am-ը գրել էր և տեսանյութ հրապարակել, որ  2019 թ. սեպտեմբերի 12-ին ՊՎԾ նախկին ղեկավար Դավիթ Սանասարյանը Կիևյան 4 հասցեում գտնվող շենքի կամարանցումի (դալան) մոտ վրաերթի է ենթարկել 6-ամյա Ա.Ղևոնդյանին:

Երեխայի ծնողները մանրամասներ հայտնելով դեպքի մասին՝ ասել են, որ Դավիթ Սանասրայանը հայտարարել է, որ ինքը չի վրաերթի ենթարկել երեխային, այլ երեխան է եկել, ընկել մեքենայի տակ։

Տեսանյութի հրապարակումից հետո Դավիթ Սանասարյանը ֆեսյբուքյան գրառումով հայտնեց, որ մեղադրանքը շինծու է։

Ըստ Սանասարյանի՝ երեխան  մեքենայի կողքից՝ քարի վրայից թռնելուց դիպչել է իր մեքենային և ընկել գետնին։ Նա նաև նշել է, որ մարդասիրությունից դրդված հետաքրքրվել է երեխայի առողջությունով, նրանց հետ երկու անգամ գնացել ԲԿ:

«Տեղեկացնում եմ, որ դրանից երկու օր անց, այդ կինը (երեխայի մայր) ինձանից 300.000 դրամ փող էր պահանջում, և սպառնում, որ չտալու դեպքում լրատվամիջոցներին կասի, որ իր երեխային վրաերթի եմ ենթարկել, այն ժամանակ, երբ ինձանից լսեց, որ ոչ մի գումար էլ չեմ տալու, ասեց, որ լրատվամիջոցներին տեղեկացնելու է»,- գրել է Սանասարյանը:

Նա նաև հայտարարել է, որ հաղորդում է  ներկայացնելու հանցագործության վերաբերյալ՝ շորթման հոդվածով։

  • Կիսվել: