կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Մեզ պետք է մտածել երկրում օրգանիկ սպայական խավ ունենալու մասին. այն հստակ գծագրված չէ. Փաշինյան

Մեզ պետք է մտածել երկրում օրգանիկ սպայական խավ ունենալու մասին. այն հստակ գծագրված չէ. Փաշինյան

ՆԳՆ ձևավորմամբ պայմանավորված՝ ներկայումս ընթանում է ՆԳՆ կրթահամալիրի և Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի միավորման գործընթաց, որի նպատակով ձևավորվել է աշխատանքային խումբ, այդ թվում՝ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներից: Այս մասին այսօր՝ հունվարի 11-ին, նշվել է Ներքին գործերի նախարարության 2023թ. գործունեության հաշվետվության քննարկման ժամանակ, որին մասնակցել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Մշակվում է միասնական կրթահամալիրի ձևավորման հայեցակարգ, որի նպատակն է ստեղծվելիք կրթահամալիրի կրթական ծրագրերի իրականացումը նպատակաուղղել Ոստիկանության գվարդիայի, Պարեկային ծառայության, Քրեական ոստիկանության, Համայնքային ոստիկանության, Փրկարար ծառայության և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի կադրային պահանջարկը բավարարելուն, սկսած նշված համակարգեր առաջին անգամ ծառայության անցնելուց, մինչև ծառայողների մասնագիտական պատրաստվածության բարձրացում,  ուղղահայաց ու հորիզոնական կարիերային առաջընթացի ապահովում:

Արձագանքելով՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ կրթական ենթակառուցվածքները պետք է ինտեգրել Ակադեմիական քաղաքում և սկսել նախ հայեցակարգային հատվածի նախագծումը: «Սպայական ավագ դպրոց, Սպայական համալսարան. վերնագիրը կա, բայց ինչպե՞ս ենք մենք սպայական ընդհանուր մի խմբից ինտեգրելու, դուրս բերելու տարբեր ուղղություններ՝ բանակ, ոստիկանություն, փրկարար ծառայություն, հատուկ ծառայություններ և այլն: Այստեղ շատ լուրջ միջգերատեսչական բովանդակային աշխատանք պետք է արվի, ես համոզված եմ, որ այդ ճանապարհով է պետք գնալ: Այն նոր բովանդակություն է ունենալու և դրանով իսկ ավելի բարդ է: Ընդհանրապես, մեզ պետք է մտածել երկրում օրգանիկ սպայական խավ ունենալու մասին: Այն շատ ֆորմալ չէ, հստակ գծագրված չէ, բայց սպայական խավը պետության համար ունի առանցքային նշանակություն»,- նշել է վարչապետը:

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև կրիպտոարժույթների ոլորտում համապատասխան կարգավորումներին, զենքի ապօրինի շրջանառության դեմ պայքարին, Փրկարար ծառայության բարեփոխումներին, վերջինիս տեխնիկական հագեցվածության ապահովմանը, ինչպես նաև այլ հարցերի: Այս համատեքստում վարչապետը պատասխանատուներին տվել է համապատասխան հանձնարարականներ:

  • Կիսվել: