Մենք դատարաններում ունենք 80% բեռնաթափում. Գալյան
Քաղաքացիական դատարանից հանվել են մինչև որոշակի գումարային շեմը՝ դրամային պահանջներով հայցադիմումները և դրանք ներկայում քննվում են նոտարների կողմից. յս փոփոխության արդյունքում մենք դատարաններում ունենք 80% բեռնաթափում: Այս մասին այսօր՝ փետրվարի 25-ին, Երևանում ընթացող Հայաստան-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեի 4-րդ նիստի ժամանակ իր ելույթում նշեց արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։
«Դա նպաստում է իմ կողմից նշված խնդիրների լուծմանը, այսինքն վերջնարդյունքում արդյունավետ դատավարության իրականացմանը։ Այլընտրանքային վեճերի լուծման մեխանիզմների հետ կապված մեր երկրում գործում են արբիտրաժներ, տարբեր, առևտրային արբիտրաժների մասին է խոսքը, և այս առումով կրկին ունենք որոշակի բեռնաթափում, ակնկալում ենք, որ մոտ ապագայում դատական գործերի բեռնաթափումը ավելի մեծ տեմպեր կունենա։
Հաշտարարության հետ կապված նշեմ, որ այս պահին արդեն իսկ վերապատրաստել ենք 100-ից ավելի հաշտարարների և նրանք համալրել են կադրային բանկը և ցանկանում ենք մեկ նորամուծություն անել պարտադիր հաշտարարության տեսքով: Առաջին հերթին ընտանեկան վեճերի հետ կապված կգործարկենք պարտադիր հաշտարարության ինստիտուտը, ըստ այդմ կրկին կբեռնաթափենք դատարանների աշխատանքը։ Այս ամենը միտված է մեկ հիմնական խնդրի լուծմանը՝ մեր երկրի քաղաքացիների համար ապահովել արդարադատության իրականացում։
Որպեսզի արդարադատությունը սպասարկի արդարության շահը, մենք պետք է առաջնորդվենք արդարադատության ստանդարտների սահմանման ճանապարհով և այս ստանդարտները պետք է ներառեն ինչպես գործի քննության հետ կապված չափորոշիչների մշակում, այնպես էլ այդ գործերը քննող անձանց որոշակի չափանիշների սահմանում, և այս համատեքստում մենք արդեն իսկ ունենք բարեվարքության ինստիտուտը, որը միտված է դատավորների, դատախազների, քննիչների, թեկնածուների բարեվարքության ստուգմանը, ինչպես նաև արդեն իսկ գործարկվում է գործող դատավորների, դատախազների, քննիչների բարեբարքության ստուգումը: Մենք դա անվանում ենք ընթացիկ բարեվարքության ստուգում: Պատճառը այն է, որ ցանկանում ենք, որ համակարգում շարունակեն իրենց գործունեությունը միայն բարեվարք և իհարկե պրոֆեսիոնալ կադրեր, իսկ պրոֆեսիոնալության բարձրացման հետ կապված սա արդարադատության ակադեմիան պարբերական վերապատրաստումներ է իրականացնում այս խումբ անձանց հետ կապված։
Մենք նաև դատավորների գնահատման և էթիկայի հարցերով հանձնաժողովի գործունեության հետ կապված որոշակի նախաձեռնություններ ունենք։ Այս պահին ունենք օրենսդրական նախաձեռնություն, ըստ որի հավասարեցնելու ենք այդ հանձնաժողովի դատավոր անդամների և ոչ դատավոր անդամների թիվը, որպեսզի ապահովենք այդ որոշումների անաչառությունը և գերատեսչական շահով կաշկանդված չլինելը»,- հայտարարեց նա: