կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Խորհրդային սահմանների տեխնիկական շարունակականության մասին պնդումը իրավական որևէ հիմք չունի. միջազգային իրավունքի մասնագետ

Խորհրդային սահմանների տեխնիկական շարունակականության մասին պնդումը իրավական որևէ հիմք չունի. միջազգային իրավունքի մասնագետ

Սահմանների շարունակականության սկզբունքը, որն ըստ Ադրբեջանի պետք է պարտադրվի նաև Հայաստանի վրա, չի կարող գործել առանց բոլոր մասնակից սուբյեկտների փոխադարձ համաձայնության: Այս մասին «Ազգային աղետ և վերածնունդ. իրավական բաղադրիչը» խորագրով մասնագիտական խորհրդաժողովի ընթացքում, որտեղ քննարկվում են արցախյան երրորդ պատերազմի պատճառներն ու հետևանքները,  ասաց միջազգային իրավունքի մասնագետ Լևոն Գևորգյանը:

«Ադրբեջանական պնդմամբ՝ ՀՀ-ն ընդունել է խորհրդային սահմանների շարունակականության սկզբունքը ԱՊՀ հիմնադիր փաստաթղթերով, բայց այս փաստաթղթերում խոսքը իրականում տարածքային ամբողջականության և անխախտելության սկզբունքների մասին է»,-ասաց նա և նշեց, որ այստեղ շատ ֆունդամենտալ և էական տարբերություն կա այն պնդումից, որը ներկայացնում է Ադրբեջանը:

Անդրադառնալով միջազգային ճանաչված սահմանների եզրույթին, ասաց, որ իրականում որևէ միջազգային իրավական արժեք, որպես այդպիսին, այդ եզրույթը չունի: «Միջազգային իրավունքում գոյություն չունի պետությունների գույքային կադաստր: Այսինքն, երբ պետությունները անդամակցում են որևէ միջազգային կառույցի, ենթադրենք՝ ՄԱԿ-ին, միջազգային կառույցները չեն հաստատում պետությունների գոյություն ուենցող սահմանները, հետևաբար պետությունները կարող են ունենալ միջազգայնորեն ճանաչված սահման միայն մեկ դեպքում՝ փոխադարձ համաձայնությամբ, և դա կարող է արտահայտվել  մի քանի տարբերակով՝ պայմանագրի ստորագրում, մասնագիտացված հանձնաժողովի ստեղծում և երրորդ տարբերակը՝ փոխադարձ համաձայնությամբ խնդրի հանձնումը որևէ միջազգային դատարան»,-ասաց նա:

Լևոն Գևորգյանը նշեց, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանների շուրջ որևէ միջազգային գործընթացի տեղի չի ունեցել, ինչը նշանակում միջազգային ճանաչված սահման եզրույթը իրականում ոչ այլ ինչ է, քան որևէ արժեք չունեցող պնդում:

Նա նաև հայտնեց, որ պաշտոնատար անձանց միակողմանի հայտարարությունները ունենում են իրավական հետևանքներ և երբ պետությունը պարբեաբար ամենաբարձր մակարդակով հայտարարի որ ընդունում է միջազգային սահմանները և չներկայացնի թե որոնք են դրանք, կամ անի հայտարարություն որ Սյունիքից ոչ մի սանտիմ չի զիջվել, դրանք կարող են ունենալ իրավական հետևանքներ:

Աղբյուր՝ Tert.am

  • Կիսվել: