ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Հայաստանում տեղի ունեցած գրեթե բոլոր հնչեղություն ունեցող սպանություննեը բացահայտվել են․ Արամ Հովհաննիսյան

Հայաստանում տեղի ունեցած գրեթե բոլոր հնչեղություն ունեցող սպանություննեը բացահայտվել են․ Արամ Հովհաննիսյան

2021 թվականի ընթացքում Հայաստանում գրանցված հանցագործությունների ընդհանուր թվաքանակն աճել է 14,3 տոկոսով՝ կամ՝ 3777 դեպքով, տվյալներն այսօր լրագրողներին ներկայացրեց ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ Արամ Հովհաննիսյանը։

2020 թվականի ընթացքում 26 հազար 468 հանցագործության դեպք է գրանցվել, 2021-ի ընթացքում՝ 30 հազար 245։

Աճել են սպանությունների, սպանության փորձի, զենքի կամ որպե զենք օգտագործված առարկայի գործադրմամբ կատարված խուլիգանության, գողության, ավազակության, խարդախության, համակարգչային տեխնիկայի միջոցով կատարված հափշտակությունների, տրանսպորտային միջոցներ գողանալու դեպքերը։

Լավ տվյալներ էլ կան. օրինակ, նվազել են դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու, բռնաբարության ու բռնաբարության փորձի, բնակարանային գողության, կողոպուտի, յուրացման կամ վատնման ու խուլիգանության դեպքերը։

Փոխոստիկանապետի խոսքով՝ հանցագործությունների աճի զսպման ուղղությամբ տրվել են հանձնարարականներ՝ իրականացնել հստակ գործողություններ, որոնք արդեն իսկ տվել են դրական արդյունքներ։

Ոստիկանությունում 2021 թվականը հայտարարվել է ապօրինի զենքի ու զինամթերքի շրջանառության դեմ պայքարի տարի. առգրավվել ու կամովին հանձնվել է 943 միավոր զենք։

Վերջին երեք ամսվա ընթացքում հայտնաբերվել է 38 տարբեր քաշի թմրամիջոց պահելու դեպք՝ «մարիխուանա», «կրիստալ», «հաշիշի յուղ», «կոկաին»։

Արամ Հովհաննիսյանը ներկայացրեց, որ 2021 թվականի ընթացքում 48 դեպքով կամ 12, 5 տոկոսով նվազել է անչափահասների կողմից կատարվող հանցագործությունների թիվը։

Նրա խոսքով՝ 2021 թվականի ընթացքում Հայաստանում տեղի ունեցած գրեթե բոլոր հնչեղություն ունեցող սպանություննեը բացահայտվել են. փոխոստիկանապետն առանձնացրեց Քանաքեռում տեղի ունեցած 4 անձի սպանության, «Հաղթանակ» զբոսայգու դիմաց տեղի ունեցած կնոջ սպանության ու «Մոսկվա» կինոթատրոնի մոտ տեղի ունեցած քրեական հեղինակության ընկերոջ սպանության դեպքը։

  • Կիսվել: