Հայաստանի պատմության թանգարանն ու Աթենքի ազգային հնագիտական թանգարանը համատեղ ցուցահանդեսներ կիրականացնեն
Աթենքի ազգային հնագիտական թանգարանում Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը և Աթենքի ազգային հնագիտական թանգարանի գլխավոր տնօրեն Կոնստանտինոս Նիկոլենցոսը ստորագրել են փոխըմբռնման հուշագիր։
Այդ մասին հաղորդագրություն է տարածել Հայաստանի պատմության թանգարանի մամուլի ծառայությունը։
Հուշագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել համատեղ ցուցահանդեսներ, գիտական, մշակութային միջոցառումներ, մասնագիտական փորձի փոխանակում։
Հուշագրի ստորագրման արարողությանը ներկա են եղել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը և Հունաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը։
Ստորագրմանը հաջորդել է շրջայց Աթենքի ազգային հնագիտական թանգարանում՝ գլխավոր տնօրենի ուղեկցությամբ։
Հուշագրի ստորագրմանն անդրադարձել է նաև Հունաստանում Հայաստանի դեսպան Տիգրան Մկրտչյանը։
«Երկու տարի առաջ մեկնարկած քննարկումները և համագործակցության առաջարկությունները ՝ Հունաստանում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ, ստացան իրավապայմանագրային բնույթ Հայաստանի պատմության թանգարանի և Աթենքի հնագիտական թանգարանի միջև Համագործակցության հուշագրի ստորագրմամբ։ Ի դեպ, Ակրոպոլիսի թանգարանում Հայաստանին նվիրված աննախադեպ ցուցահանդեսի կազմակերպման քննարկումներին զուգահեռ քննարկվել է նաև Հին Հունաստանին նվիրված Հայաստանում երբևէ առաջին ցուցահանդեսի կազմակերպումը, ինչը, հուսանք, կյանքի կկոչվի առաջիկայում»,-«Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է դեսպանը։



