հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
«ՀայաՔվե»-ն հաղորդում է ներկայացել Դատախազություն՝ Հոհաննավանքում Փաշինյանի մասնակցությամբ ծես կազմակերպելու վերաբերյալ. Չալաբյան

«ՀայաՔվե»-ն հաղորդում է ներկայացել Դատախազություն՝ Հոհաննավանքում Փաշինյանի մասնակցությամբ ծես կազմակերպելու վերաբերյալ. Չալաբյան

«ՀայաՔվե» քաղաքացիական-հասարակական միավորումն այսօր հանցագործության մասին հաղորդում է ներկայացել Գլխավոր դատախազություն՝ Հոհաննավանքում վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ ծես կազմակերպելու վերաբերյալ։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտնեց «ՀայաՔվե» քաղաքացիական-հասարակական միավորման նախագահ Ավետիք Չալաբյանը։

Նա, մասնավորապես, նշեց. «Նիկոլ Փաշինյանը, չարաշահելով իր լիազորությունները, միջամտել է Հայաստանյաց Առաքելական սուրբ եկեղեցու գործունեությանը։ Դա դրսևորվել է ինչպես պարբերաբար հնչող կոչերով՝ «Վեհարանը կաթողիկոսից ազատելու» մասին, այնպես էլ դրան հաջորդած կոչերով՝ այցելել Հովհաննավանքի վանական համալիր և ներկա գտնվել եկեղեցու կողմից չարտոնված պատարագին։ Բացի այդ, եկեղեցու կողմից չարտոնված պատարագի ժամանակ բռնություն է կիրառել եկեղեցու հավատավոր հետևորդների և եկեղեցու ծառայողների նկատմամբ, որոնց մուտքը եկեղեցի արգելվել է։ Փաշինյանը իրավապահ համակարգի ռեսուրսներն օգտագործել է, որպեսզի քահանաներին, որոնք Հովհանանվանքում օրինական ծառայություն պիտի իրականացնեին, փաստացի առևանգեն, արգելեն նրանց մուտքը եկեղեցի»:

Ըստ Չալաբյանի՝ տեղի ունեցած գործողությունները համակցության մեջ հավասարազոր են Հովհաննավանքը բռնազավթելուն և պղծելուն։

Նա հիշեցրեց, որ նախօրեին Մայր Աթոռը հայտարարություն էր տարածել այդ մասին. «Հովհաննավանքում Սուրբ Պատարագի նվիրական անվան ներքո իրականացված սրբապիղծ բեմականացումից հետո իրավապահների անմիջական մասնակցությամբ և խոչընդոտող խմբերի ներգրավմամբ, բռնազավթված է Հովհաննավանքը, որի հետևանքով խաթարվում է տեղում ծառայության նշանակված Տեր Սարգիս քհն․ Սարգսյանի և Տեր Մանուկ քհն․ Զեյնալյանի հոգևոր ծառայությունը»։

«Մայր Աթոռ սուրբ Էջմիածինն այդ հայտարարությամբ փաստացի հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել։ Տեղի ունեցածն առերևույթ համապատասխանում է ՀՀ Քրեական օրենսգրքի 209 և 441 հոդվածներում նկարագրված հանցավոր արարքներին։ Այսօր մենք ներկայացնում ենք հանցագործության մասին հաղորդում, որտեղ ամեն ինչ մանրամասն նկարագրված է, փաստերը ներկայացված են։ Մենք ունենք բացահայտ տուժող կողմ, որն աղաղակում է այն մասին, որ ինքը տուժել է։ Ավելին ասեմ՝ Հայ Առաքելական սուրբ եկեղեցին ՀՀ Սահմանադրության 17-րդ հոդվածի համաձայն ունի պետության կողմից երաշխավորված բացառիկ իրավունքներ։ Պետությունը եկեղեցու իրավունքները պաշտպանելու փոխարեն, ամենագռեհիկ կերպով պետական բարձրագույն պաշտոնատար անձի ձեռքերով խախտում է այդ իրավունքները»,–հավելեց Չալաբյանը։

  • Կիսվել: