երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Գլխավոր դատախազը ներկայացրել է պետական շահերի պաշտպանության ուղղությամբ իրավապահների աշխատանքի արդյունքները

Գլխավոր դատախազը ներկայացրել է պետական շահերի պաշտպանության ուղղությամբ իրավապահների աշխատանքի արդյունքները

Հայաստանի գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը մանրամասներ է ներկայացրել պետական շահերի պաշտպանության ուղղությամբ իրավապահ մարմինների կատարած աշխատանքի արդյունքների վերաբերյալ։

Աննա Վարդապետյանը նշեց, որ 2023 թվականի նոյեմբերի 6-ին ուժի մեջ է մտել Հակակոռուպցիոն դատարանի վճիռը, որով Հայաստանի Հանրապետությանն է վերադարձվել Աբովյան 3 հասցեում գտնվող «ԱՕԿՍ»-ի շենքը՝ 701,4 քմ մակերեսով և 467 քմ մակերեսով հողամասի սեփականության իրավունքը: Հայցը ներկայացվել էր ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից:

«Գլխավոր դատախազի հանձնարարությամբ աշխատանքներ են տարվում միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու ուղղությամբ՝ հանձնում-ընդունում կազմակերպելու նպատակով. հանձնաժողովի կազմում ներգրավված կլինի նաև Դատախազության ներկայացուցիչ»,- ասաց Վարդապետյանը:

Նա հայտնեց, որ Վճռաբեկ դատարանի՝ 2023 թվականի օգոստոսի 3-ի որոշմամբ՝ Ծաղկաձորի անտառի 5500 քմ հողամասը վերադարձվել է Հայաստանի Հանրապետությանը: Հայցը ներկայացվել էր ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից:

2023 թվականի ապրիլի 26-ին Վարչական դատարանի կողմից բավարարվել է Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից ներկայացված հայցը, որով պահանջվում է պետությանը վերադարձնել Հաղթանակ զբոսայգու՝ «Գոլդեն Փելիս» հյուրանոցին ապօրինի օտարված 17077,6 քմ մակերեսով հողամասը: «Վարչական դատարանի ակտը կողմը բողոքարկել է վերաքննության կարգով: Վերաքննիչ վարչական դատարանում նիստը նշանակված է 2024 թվականի փետրվարին»,- նշեց ՀՀ գլխավոր դատախազը:

Պետական (համայնքային) շահերի պաշտպանության ոլորտում 2023 թվականին ներկայացվել են մի շարք հայցեր, որոնք վերաբերում են՝  

  • «Մանկական աշխարհ» նախկին հանրախանութի հողամասին.
  • Սախարովի հրապարակի մաս կազմող՝ Պուշկին փողոցի 2 հասցեում գտնվող գույքին.
  • «Ռիբոկ» սպորտային համալիրի զբաղեցրած տարածքից հողամասն օտարելուն.
  • «Վարդավառ» զբոսայգում կառուցված ինքնակամ շինությունների օրինականացմանը.
  • «Ուսանողական» այգու և «Կոմիտաս» զբոսայգու տարածքների օտարումներին.
  • «Նանսենի անվան» զբոսայգու տարածքից 533,4 քմ մակերեսով հողամասի օտարմանը.
  • Մոսկվա կինոթատրոնի և Նկարիչների միության շենքերի պահպանության գոտում գտնվող օտարման ոչ ենթակա հողամասի վաճառքին.
  • Գյումրի քաղաքի կենտրոնական զբոսայգու տարածքում գտնվող՝ «Կումայրի» արգելոց հուշարձանի տարածք հանդիսացող հողամասերի օտարման գործընթացին.
  • Երևան քաղաքի Սարալանջի 1 հասցեում գտնվող՝ նախկին «Երիտասարդական պալատ»-ին վարձակալությամբ հանձնված 31 հազար 780,0 քմ մակերեսով հողամասի օտարմանը.
  • Հաղթանակ զբոսայգուն հարող Բաբայան և Ուլնեցու հատման հատվածներում գտնվող՝ ընդհանուր 8800 քմ մակերեսով հողամասի օտարման գործընթացին:

  • Կիսվել: