կիրակի, հունիս 16
16 / 6 / 2024
Հենց այսօր պետությանն է վերադարձվում Երևանի Կողբացի փողոցի 36/3 հասցեում 253.8 քմ ներքին մակերեսով տարածքները. դատախազ

Հենց այսօր պետությանն է վերադարձվում Երևանի Կողբացի փողոցի 36/3 հասցեում 253.8 քմ ներքին մակերեսով տարածքները. դատախազ

Կառավարության նիստում, այսօր ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ներկայացրեց, թե նախորդ 8 ամիսների ընթացքում ինչ գույքեր են ամրացվել Պետական գույքի կառավարման կոմիտեին։

«Նշեմ, որ ընդհանուր առմամբ մեր երկու բացառիկ լիազորությունների՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման և պետական շահերի պաշտպանության գործառույթի շրջանակներում պետությանն արդեն վերադարձվել է 11 մլրդ դրամի գույք և արժույթ։ Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործառույթի շրջանակներում Հայաստանի Հանրապետության սեփականությանն է փոխանցվել 7 անշարժ և մեկ շարժական գույք՝ ընդհանուր 4 մլրդ 118 մլն դրամ արժեքով, և ՀՀ սեփականությանն է փոխանցվում 609 մլն դրամ, որից 270 մլն-ը արդեն մուտք է արված գանձապետական հաշվին»,-ասաց նա:

Վարդապետյանը նշեց, որ պետական շահերի պաշտպանության գործառույթի շրջանակներում ներկայացված հայցերով վերականգնվել է ավելի քան 6 մլրդ դրամին համարժեք գույք։ «Հենց այսօր ուժի մեջ է մտնում հաշտություն, որը հաստատվել էր Հակակոռուպցիոն վերաքննիչ դատարանի կողմից Երևան քաղաքի դատախազության և վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի վարույթում գտնվող՝ քաղաքացիական գործով պատասխանող «Սոխոսենթր» ՍՊ ընկերության միջև հաշտությամբ, և պետությանն է վերադարձվում Երևանի Կողբացի փողոցի 36/3 հասցեում 253.8 քմ ներքին մակերեսով տարածքները, որոնց շուկայական մոտարկված արժեքը 1 մլրդ դրամ է։

Նաև նշեմ, որ տարածքում արդեն վարձակալական հիմունքներով գործում է սրճարան, և վարձակալության պայմանագրի քննարկման արդյունքում որոշվեց պահպանել, և այսուհետ վարձակալական վճարները կստանա պետությունը՝ 5 տարի նվազագույնը, 5 տարի երկարացման հնարավորությամբ, տարեկան մոտ 38 մլն դրամ։

Ի սկզբանե գույքը նախատեսվում էր ստեղծել որպես գրադարան և դպրոցապատկան գույք էր, ըստ էության, Չայկովսկու դպրոցին էր պատկանում տարածքը։ Շենքի սեփականատերերը շենքի 5-րդ հարկում իրենց նախաձեռնությամբ առանձին կրթական հատված են առանձնացրել, որը ծառայում է որպես գրադարան, և հաշտության համաձայնության մեջ նաև տող է նախատեսված, որ քանի որ գույքը, որը հանձնում են արդեն որոշակի եկամտաբերությամբ, ծանրաբեռնված է, պետական մարմինները կարող են իրենց կրթական և մշակութային միջոցառումներն այդ ամբողջ վարձակալության ընթացքում, կարծում եմ՝ հատկապես ԿԳՄՍՆ-ն հետաքրքրված կլինի, բոլոր միջոցառումներն իրականացնել այս տարածքում»,- ասաց դատախազը։

«Մենք այսօր ուժի մեջ մտնելուց հետո վճիռը կներկայացնենք Կադաստրի պետական կոմիտե, այնուհետև կգրանցենք պետության սեփականության իրավունքը կառուցապատման, ավարտական ակտը ստանալուց հետո, նոր կամրացնենք Պետական գույքի կառավարման կոմիտեին»,- նշեց նա։

Աննա Վարդապետյանը հիշեցրեց, որ նախորդ երեք նիստերով երեք անտառային տարածքներ են ամրացրել Պետգույքի կոմիտեին։ «Դրանք 24 993 քմ մակերեսով, 20 021 քմ և 10 000 քմ մետր մակերեսով հատուկ պահպանվող կատեգորիայի հողամասեր են: Այս ցանկը դեռևս կշարունակվի. վճիռների ուժի մեջ մտնելու ընթացքի մեջ է»,- ասաց նա։

  • Կիսվել: