հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Կանադայի ԱԳ նախարարի հետ

Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Կանադայի ԱԳ նախարարի հետ

Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել կանադացի իր գործընկերոջ՝ Ֆրանսուա-Ֆիլիպ Շամպայնի հետ: 

ԱԳ նախարարները քննարկել են նոր տիպի կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակն աշխարհում՝ ընդգծելով դրա հաղթահարման ուղղությամբ միջազգային համագործակցության և միասնական ջանքերի գործադրման կարևորությունը:

Զոհրաբ Մնացականյանն իր գործընկերոջը ներկայացրել է Հայաստանի Կառավարության կողմից համավարակի սոցիալ-տնտեսական հետևանքների մեղմացման նպատակով իրականացվող ծրագրերը: Այս համատեքստում նախարար Մնացականյանը բարձր է գնահատել միջազգային գործընկերների պատրաստակամությունը՝ աջակցելու Հայաստանին և հայ ժողովրդին: 

Նախարարներն անդրադարձել են երկկողմ օրակարգին առնչվող հարցերի լայն շրջանակի՝ գոհունակություն հայտնելով տարբեր մակարդակներով հաստատված երկխոսության կապակցությամբ:

Երկուստեք պատրաստակամություն է հայտնվել գործնական քայլեր ձեռնարկել հայ-կանադական հարաբերությունների դրական դինամիկայի պահպանման և համագործակցության նոր ոլորտների ներառման ուղղությամբ: Այս առնչությամբ մտքեր են փոխանակվել ստեղծագործ կրթության, տեղեկատվական տեխնոլոգիաների, ագրոբիզնեսի, սննդի անվտանգության ապահովման և այլ ոլորտներում համագործակցության ընդլայնման շուրջ: 

Զրուցակիցներն անդրադարձել են միջազգային կազմակերպությունների շրջանակում փոխադարձ աջակցության վրա հիմնված արդյունավետ փոխգործակցությանը և դրա ընդլայնման հեռանկարներին: 

Զոհրաբ Մնացականյանը Ֆրանսուա-Ֆիլիպ Շամպայնին է ներկայացրել ՄԱԿ Կանանց կարգավիճակի հանձնաժողովում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները և բարձր գնահատել կանանց իրավունքների և «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» օրակարգի կյանքի կոչման, ինչպես նաև զինված հակամարտություններում երեխաների իրավունքների պաշտպանության ուղղությամբ Կանադայի ջանքերը: Հայաստանի ԱԳՆ ղեկավարը նաև անդրադարձել է ցեղասպանության կանխարգելման օրակարգի խթանման ուղղությամբ Հայաստանի կողմից ձեռնարկվող քայլերին՝ բարձր գնահատելով այդ ուղղությամբ կանադական կողմի հետ հաստատված սերտ համագործակցությունը։

Հեռախոսազրույցի ընթացքում զրուցակիցները քննարկել են նաև միջազգային և տարածաշրջանային օրակարգի մի շարք հրատապ հարցեր:

 

  • Կիսվել: