Պաղեստինի հայազգի արտգործնախարարը բանակցություններ է վարել Թուրքիայի ու ևս 5 երկրի ներկայացուցիչների հետ
Պաղեստինի արտաքին գործերի նախարար Վարսեն Աղաբեկյանը բանակցություններ է վարել Սաուդյան Արաբիայի, Թուրքիայի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Սենեգալի, Ինդոնեզիայի և Սոմալիի ներկայացուցիչների հետ։ Այս մասին հայտնել են Պաղեստինի Արտաքին գործերի նախարարությունից։
Նշվում է, որ կողմերը քննարկել են իրավիճակը Գազայի հատվածում, Հորդանան գետի Արևմտյան ափին և Արևելյան Երուսաղեմում՝ իսրայելական հարձակումների ֆոնին։
Թուրքիայի արտաքին գործերի նախարարի տեղակալ Մուսա Կուլաքլըքայի հետ հանդիպման ընթացքում Աղաբեկյանը քննարկել է Գազայի հատվածում և Արևմտյան ափին իրավիճակի զարգացումը, Իսրայելի կողմից հետագա սրացումը կանխելու ջանքերը, ինչպես նաև պաղեստինյան հարցի դիվանագիտական աջակցությունը։
Աղաբեկյանը հայտնել է, որ պաղեստինյան կողմի գլխավոր առաջնահերթությունը մնում է բնակչության տոկունության պահպանումը:
Նա ուշադրություն է հրավիրել Արևմտյան ափին պաղեստինցիների վրա հարձակումների ու նրանց հարկադիր տեղահանման դեպքերի վրա։ ԱԳ նախարարը նաև նշել է, որ Իսրայելի անօրինական վերաբնակեցման գործունեությունն Արևմտյան ափին, այդ թվում՝ «E1» բնակավայրերի նախագիծը, անհնար է դարձնում պաղեստինյան ապագա պետության տարածքային ամբողջականությունն ու անկախությունը։



