երեքշաբթի, սեպտեմբեր 8
8 / 9 / 2026
Թուրքիան դատապարտել է պաղեստինցիների բռնի տեղահանման իսրայելական կոչերը

Թուրքիան դատապարտել է պաղեստինցիների բռնի տեղահանման իսրայելական կոչերը

Թուրքիայի, Եգիպտոսի, Ինդոնեզիայի, Հորդանանի, Պակիստանի, Կատարի, Սաուդյան Արաբիայի և Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) արտաքին գործերի նախարարները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ: Ութ երկրների դիվանագիտական գերատեսչությունների ղեկավարները խստորեն դատապարտել են Իսրայելի ազգային անվտանգության նախարար Իթամար Բեն-Գվիրի և պաշտպանության նախարար Իսրայել Կացի հայտարարությունները՝ Գազայի հատվածից պաղեստինցիների բռնի տեղահանման վերաբերյալ: Նրանք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին և միջազգային հանրությանը կոչ են արել կանխել պաղեստինյան տարածքներում ժողովրդագրական կամ աշխարհագրական նոր իրողություններ պարտադրելու ցանկացած փորձ, գրում է ermenihaber.am-ը:

Վերոհիշյալ երկրների արտգործնախարարները շեշտել են, որ պաղեստինցիներին իրենց պատմական հողերից արտաքսելուն ուղղված նախաձեռնությունները կոպտորեն խախտում են միջազգային իրավունքի և միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը, ինչպես նաև ուղղակի սպառնալիք են պաղեստինցի ժողովրդի հիմնարար իրավունքներին:

Հայտարարության մեջ նախազգուշացվում է, որ նման սադրիչ մոտեցումները վտանգում են տարածաշրջանային կայունությունն ու հակասում խաղաղության հասնելուն ուղղված միջազգային ջանքերին, այդ թվում՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Գազայի վերաբերյալ ծրագրին, որը բացառում է բնակչության բռնի տեղահանումը:

ԱԳՆ նախարարները վերահաստատել են, որ Գազայի հատվածը, Հորդանան գետի արևմտյան ափն ու Արևելյան Երուսաղեմը Պաղեստինի անբաժանելի մասն են, իսկ հակամարտության կարգավորման միակ կենսունակ տարբերակը «երկու պետություն» սկզբունքի կիրառումն է՝ 1967-ի հունիսի 4-ի սահմաններով և Արևելյան Երուսաղեմ մայրաքաղաքով:

  • Կիսվել: