շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Սյունիքի որոշ հատվածներում ռազմական դրության հետ կապված գործընթացներ են ընթանում. Գաբրիելյանը՝ ԱԱԾ իրազեկման մասին

Սյունիքի որոշ հատվածներում ռազմական դրության հետ կապված գործընթացներ են ընթանում. Գաբրիելյանը՝ ԱԱԾ իրազեկման մասին

Խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանն անդրադարձավ ԱԱԾ իրազեկմանը՝ ՀՀ Սյունիքի մարզի որոշ հատվածներում լուսաբանման աշխատանքներ իրականացնելու վերաբերյալ՝ նշելով, որ որպես նախկին լրագրող՝ հարցն իրեն էլ է հետաքրքրել:

«Կարծում եմ՝ ԱԱԾ-ն այստեղ լրացուցիչ պարզաբանմամբ հանդես կգա: Մոտավորապես գիտեմ խնդիրը, որ, ըստ էության, այնտեղ ռազմական դրության հետ կապված որոշակի գործընթացներ են ընթանում այս պահին: Այստեղ նույնպես շարժվենք չվնասելու տրամաբանությամբ: Ինչ-որ պահից սկսած այնտեղ նույնպես ազատ ելումուտ կլինի»,- նշեց Գաբրիելյանը՝ հավելելով, որ այս պահին իրեն հայտնի չէ գոնե մի դեպք, երբ լրագրողի մուտքը կամ գործունեությունն այդ հատվածում խոչընդոտվել է:

Ազգային անվտանգության ծառայությունը որևէ բան չի ցանկանում թաքցնել՝ նշեց պատգամավորը՝ հավաստիացնելով, որ համացանցի և սոցիալական էջերի օգնությամբ հիմա ամեն բան շատ արագ է հայտնի դառնում՝ անգամ առանց լրագրողների աշխատանքի:

 
 
 

  • Կիսվել: