կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Միացյալ Նահանգները պետք է աջակցի Հայաստանին ցանկացած միջանցքից հրաժարվելու հարցում. Մայքլ Ռուբին

Միացյալ Նահանգները պետք է աջակցի Հայաստանին ցանկացած միջանցքից հրաժարվելու հարցում. Մայքլ Ռուբին

2020թ. նոյեմբերի 9-ին Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարները ստորագրեցին համաձայնագիր հրադադարի մասին, որը կոչված էր վերջ դնելու Արցախի՝ չճանաչված, բայց դեմոկրատական պետության (որը Արցախի հայերը ստեղծել էին իրենց ինքնավար մարզում Խորհրդային Միության փլուզումից հետո) դեմ Ադրբեջանի եւ Թուրքիայի 44-օրյա պատերազմին, գրել է Մայքլ Ռուբինը AEIdeas պորտալի իր հոդվածում։

Այդ համաձայնագիրը նախատեսում էր միջանցքի ստեղծում, որը պահպանելու էին ռուս խաղաղապահները՝ ապահովելու համար անխոչընդոտ կապը Հայաստանի եւ Արցախի միջեւ Լաչինով, ինչպես նաեւ «տրանսպորտային հաղորդակցությունը» Հայաստանով՝ Ադրբեջանի եւ Նախիջեւանի միջեւ Զանգեզուրով։

Ադրբեջանն այդպես էլ չկատարեց իր պարտավորություններից ոչ մեկը։ Նախ՝ 10 ամսվա ընթացքում շրջափակեցին Լաչինի միջանցքը՝ սովի մատնելով Արցախի 120 000 քրիստոնյաներին, ինչը Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն անվանեց ցեղասպանություն։ Այնուհետեւ անցած շաբաթ նրանք գրոհ ձեռնարկեցին՝ մնացած տարածքը զավթելու նպատակով, նորից միակողմանիորեն խախտելով հրադադարի ռեժիմը։ Մինչ պետքարտուղարի օգնականի պարտականությունները կատարող Յուրի Կիմը հայտարարում էր, որ ԱՄՆ-ն չի հանդուրժի որեւէ հարձակում Արցախի ժողովրդի դեմ, բայց Բայդենի վարչակարգը հենց այդպես էլ արեց։ Ադրբեջանի թելեգրամ-ալիքները հիմա սպանությունների եւ սեռական բռնության են դրդում հայ երեխաների եւ կանանց հանդեպ, ինչը հիշեցնում է «ԻՊ» գործողությունները եզիդների ցեղասպանության ժամանակ։

Ադրբեջանի բռնապետ Իլհամ Ալիեւը ցնծում է։ Նույնը վերաբերում է եւ նրա գլխավոր ուսուցչին՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին։ Երկու երկրների ղեկավարները դա տոնել են Նախիջեւանում։ Չնայած 2020թ. հրադադարի մասին համաձայնագիրը երբեք կոչ չի արել Զանգեզուրով «միջանցք» ստեղծել, ադրբեջանական պաշտոնատար անձինք ավելի հաճախ են պահանջում հենց դա։ Ռուսաստանը՝ Ադրբեջանի գլխավոր կողմնակիցն այն դեպքում, երբ Հայաստանը շրջվում է դեպի Արեւմուտք, նույնպես կողմ է հարավային Հայաստանով անցնող միջանցքին, որը նա կարող էր պահպանել, որպեսզի արդարացներ ռուսական զորքերի շարունակվող ներկայությունը տարածաշրջանում։

Միացյալ Նահանգները պետք է աջակցի Հայաստանին ցանկացած միջանցքից հրաժարվելու հարցւոմ։ Ադրբեջանի կողմից Արցախի նվաճումը զրոյացնում է 2020թ. նոյեմբերին կնքված հրադադարի համաձայնագիրը։ Զանգեզուրով ցանկացած միջանցքին համաձայնելը ազգային ինքնասպանություն կլիներ. քանի որ Ադրբեջանը եւ Թուրքիան շարունակում են շրջափակել Հայաստանը, իսկ Վրաստանը դեռ Ռուսաստանի ազդեցության տակ է, Հայաստանի ապրանքների արտահանման գլխավոր ուղին ընկած է հարավում։ Ըստ էության, միջանցքը դառնում է օղակ, որը թույլ կտա Թուրքիային, Ադրբեջանին եւ Ռուսաստանին Հայաստանի հետ անել նույնը, ինչ արեցին Արցախի հետ։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը բացահայտ հայտարարել է Հայաստանը նվաճելու իր ցանկության մասին։

Կիմը եւ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանթա Փաուերը մեկնել են Հայաստան, քանի որ երկրում Արցախից փախստականների հոսք է սկսվել, բայց Հայաստանը Բայդենի վարչակազմի առաքինության ազդանշանների կարիքը չունի։ Ադրբեջանը հետեւողականորեն խաղում է Բայդենի հետ, իսկ Ալիեւը լուրջ չի ընդունում ոչ Կիմին, ոչ Փաուերին։

Եթե Սպիտակ տունը լուրջ մտադրված է պաշտպանել Հայաստանին, պետք է դիտարկի սեփական ուժերի տեղակայման հնարավորությունը, համենայն դեպս՝ ժամանակավոր հիմքով, Հայաստանի հարավում։ Գուցե, հիմա ճիշտ ժամանակն է տարածաշրջանում բազմաշաբաթյա զորավարժություններ անցկացնելու համար։ Երբեմն կանխիչ տեղակայումը, հնարավոր է՝ ամերիկյան զորքերի մասնակցությամբ, թեկուզ հումանիտար ուղղվածությամբ, կարող է խանգարել Ադրբեջան-Թուրքիա-Ռուսաստան եռյակի՝ աշխարհում հնագույն քրիստոնյա ազգին արմատախիլ անելու ջանքերի հաջորդ փուլին։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: