հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Շատ էական է պահպանել և ամրապնդել խաղաղ կարգավորման հանդեպ սեփականության զգացումն Արցախի մոտ. Մնացականյան

Շատ էական է պահպանել և ամրապնդել խաղաղ կարգավորման հանդեպ սեփականության զգացումն Արցախի մոտ. Մնացականյան

Անցած երկու տարիների ընթացքում բավական դինամիկ գործընթացներ են եղել արցախյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման առումով՝ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո և իրենց միջնորդությամբ աշխատելու ադրբեջանական կողմի հետ խաղաղ կարգավորման ամբողջ ծավալի, փաթեթի շուրջ, բազմաթիվ հարցերի շուրջ, որոնք վերաբերում են մեզ համար կարևորագույն և առաջնային խնդիրներին, որոնք բխում են համապարփակ, կայուն, տևական անվտանգության համակարգի և ամենակարևորը՝ նաև Արցախի կարգավիճակի հարցերից։ Այս մասին Արցախի Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը:

«Դրան զուգահեռ` մենք շատ էական և սկզբունքային հարց ունենք, որը վերաբերում է համապատասխան միջավայրի ձևավորմանը, որում տեղի է ունենում խաղաղ կարգավորումը, և որը վերաբերում է թե՛ էսկալացիայի ռիսկերի նվազեցմանը, թե՛ մարդկային շփումներին և հասարակություններին խաղաղությանը նախապատրաստելուն: Եվ վերջապես, երրորդ կարևոր, շատ էական ուղղությունը․ Արցախի ընտրված իշխանությունների և Արցախի ժողովրդի ավելի անմիջական մասնակցությունն է խաղաղ գործընթացին։ Ընդ որում, շատ էական է պահպանել և ամրապնդել խաղաղ կարգավորման հանդեպ սեփականության զգացումն Արցախի մոտ այն առումով, որ, ի վերջո, հարցը վերաբերում է Արցախին, Արցախի ժողովրդին, և կարգավորումը վերաբերում է առաջին հերթին նրանց»,- նշել է նա։

Նախարարի խոսքով, այս բոլոր երեք ուղղություններով ունեցել ենք բավական ակտիվ աշխատանք համանախագահների և ադրբեջանական կողմի հետ։

«Վերջին մեր հանդիպումը կայացավ 2020թ. հունվարին Ժնևում և այդ հանդիպումը համապարփակեցնում էր մեր աշխատանքներն այս շրջանում և նախանշում մեր հաջորդ քայլերը, որոնք ինչ-որ չափով վնասվեցին այս համավարակի պատճառով։ Սակայն մեր մշտական կապը համանախագահների հետ մնում է անխափան, և մյուս կողմից մենք կարողացանք անցկացնել երկու տեսակոնֆերանս և՛ համանախագահների, և՛ Ադրբեջանի արտգործնախարարի հետ, որը շատ էական էր այն առումով, որ կապը պահպանվում է: Մենք մշտապես մնում ենք կապի մեջ և աշխատում ենք բոլոր այն հարցերի շուրջ, որոնց հիմա հնարավոր է անդրադառնալ»,- հավաստել է Մնացականյանը։

Խոսելով կողմերի միջև վերջին տեսակոնֆերանսի մասին, նախարարը նշել է, որ անդրադարձ է կատարվել մեր կողմից բավական զգայուն մեկ հարցի. այն արտահայտվում է թշնամական հռետորաբանության շատ տեսանելի մակարդակով, որը մենք տեսանք այս վերջին շրջանում։

«Դա, բնականաբար, չի կարող ազդել մեր սկզբունքային դիրքորոշումների, մոտեցումների վրա, սակայն դա բացասական ազդեցություն է ունենում միջավայրի վրա, որի շրջանակներում մենք իրականացնում ենք այս խաղաղ գործընթացը։ Անհնար է պատկերացնել, որ նման թշնամության սերմացման, տարածման պայմաններում հնարավոր է գործնական և արդյունավետ ձևով իրականացնել կարևորագույն գործառույթը, որը վերաբերում է խաղաղ գործընթացին»,- եզրափակել է Մնացականյանը։

Նա հավելեց, որ կողմերի շփումներից հետո, Արցախյան կողմի հետ հանդիպումը բնականոն գործընթաց է: «Հայաստանի իշխանություններն օժտված են Հայաստանի ժողովրդի մանդատով, Արցախի իշխանությունները՝ Արցախի ժողովրդի մանդատով։ Եվ սա իրողություն է։ Այդ առումով է, որ մենք միասին աշխատում ենք՝ համակարգելու, համադրելու, միասին գնահատելու այն կարևորագույն հարցերը, որոնք ձևավորում են մեր դիրքորոշումները։ Եվ սա արդեն ձևավորված համակարգ է»,- նշեց նախարարը։ Նրա խոսքով, այս երկու տարիների ընթացքում, կարծում եմ, առավել քան ի հայտ ենք բերել, տեսանելի ենք դարձրել այն, որ Երևանը և Ստեփանակերտը սերտորեն աշխատում են միասին՝ համակարգումը ապահովելու, Արցախի դեպքում՝ էլ ավելի ամրապնդելու բանակցային, խաղաղ գործընթացում սեփականության զգացումը: «Մեզ համար շատ էական է՝ համադրելու և գնահատելու այն կարևոր սկզբունքային մոտեցումները, որոնք արտահայտվում են Արցախի իշխանությունների կողմից և որոնք հիմնված են Արցախի ժողովրդի կողմից տրված մանդատի հիմքերի վրա»,- հավաստել է Մնացականյանը։

  • Կիսվել: