շաբաթ, սեպտեմբեր 26
26 / 9 / 2026
Ժաննա Անդրեասյանը մասնակցել է Հայաստանի ամերիկյան համալսարանի հիմնադրման 35-ամյակին նվիրված միջոցառմանը

Ժաննա Անդրեասյանը մասնակցել է Հայաստանի ամերիկյան համալսարանի հիմնադրման 35-ամյակին նվիրված միջոցառմանը

Հայաստանի ամերիկյան համալսարանը նշում է հիմնադրման 35-ամյակը։ Հոբելյանին նվիրված հանդիսավոր միջոցառմանն այսօր մասնակցել և ներկաներին ողջունել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը: «Հայաստանի անկախության տարում հիմնադրված Հայաստանի ամերիկյան համալսարանի պատմությունը սերտորեն կապված է մեր երկրի անկախ պետականության կայացման և զարգացման ճանապարհի հետ։ 35 տարիների ընթացքում համալսարանը դարձել է Հայաստանի բարձրագույն կրթության համակարգի կարևոր և ճանաչելի հաստատություններից մեկը՝ իր կրթական, գիտական և հասարակական առաքելությամբ նշանակալի ներդրում ունենալով երկրի զարգացման գործում»,- ասել է Ժաննա Անդրեասյանը` ընդգծելով, որ համալսարանի ձևավորման և կայացման գործում կարևոր դեր է ունեցել ՀՀ Կառավարությունը։ 

Նրա խոսքով՝ համալսարանի 35-ամյա ճանապարհը ցույց է տալիս, որ հետևողական աշխատանքը, ակադեմիական ազատությունը, կրթության որակի նկատմամբ բարձր նշաձողը և միջազգային համագործակցության մշակույթը կարող են ձևավորել կրթական այնպիսի միջավայր, որտեղ գիտելիքն ու նորարարությունը վերածվում են զարգացման իրական ներուժի։

101 ուսանողով և երեք մագիստրոսական կրթական ծրագրով գործունեությունը սկսած համալսարանն այսօր ունի 9 բակալավրի և 12 մագիստրոսի կրթական ծրագիր և շուրջ 2800 ուսանող։

«Այս թվերը ոչ միայն համալսարանի ընդլայնման, այլև հաստատության նկատմամբ տարիների ընթացքում ձևավորված վստահության և պահանջարկի վկայությունն են»,- ընդգծել է նախարարը։

Ժաննա Անդրեասյանը կարևորել է նաև համալսարանի շրջանավարտների ներդրումը Հայաստանի պետական կառավարման, տնտեսության, գիտության և հասարակական կյանքի տարբեր ոլորտներում՝ ընդգծելով, որ նրանց մասնագիտական գործունեությունն արտացոլում է կրթության երկարաժամկետ ազդեցությունն ու այն արժեքը, որը համալսարանը ստեղծում է ամբողջ հասարակության համար։

Նախարարի խոսքով՝ տարիների ընթացքում ձևավորված համագործակցությունը նպաստել է կրթության և մասնագիտական կարողությունների զարգացմանն ուղղված մի շարք կարևոր նախաձեռնությունների իրականացմանը և Հայաստանի ու Միացյալ Նահանգների միջև կրթական ու ակադեմիական կապերի ամրապնդմանը։ Նա վստահություն է հայտնել, որ Հայաստանի ամերիկյան համալսարանը շարունակելու է իր կարևոր առաքելությունը՝ կրթելով նոր սերունդներ, զարգացնելով գիտելիքն ու հետազոտությունը և իր ներդրումն ունենալով Հայաստանի առաջընթացի ու բարեկեցության գործում։

Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահ Բրյուս Պողոսյանը, ողջունելով ներկաներին, նշել է, որ այս երեկոն առանձնահատուկ է համալսարանի համայնքի համար։

«35 տարի առաջ ՀԱՀ-ն իր ճանապարհը սկսեց համարձակ գաղափարով՝ Հայաստանում հիմնել համալսարան, որը կառաջարկի միջազգային ճանաչում ունեցող կրթություն՝ արմատավորված Հայաստանում, բայց միաժամանակ սերտորեն կապված աշխարհի հետ։ Այսօր՝ 35 տարի անց, մենք հպարտանալու շատ առիթներ ունենք»,- ասել է նա: Բրյուս Պողոսյանը նաև նշել է, որ նախատեսվում են արհեստական բանականության և ռոբոտաշինության հետազոտական լաբորատորիայի բացում, համալսարանի տարածքը կրկնապատկող նոր շենքի կառուցում, կիրառական մաթեմատիկայի, ավիատիեզերական ճարտարագիտության, համակարգչային գիտության և արհեստական բանականության նոր կրթական ծրագրերի, ինչպես նաև ՀԱՀ պատմության մեջ առաջին անգամ դոկտորական (PhD) կրթական ծրագրերի ներդրում:

  • Կիսվել: