շաբաթ, սեպտեմբեր 26
26 / 9 / 2026
Գիտությանն ավելի մոտ. Հայաստանը մասնակցում է գիտական նոր նախաձեռնության

Գիտությանն ավելի մոտ. Հայաստանը մասնակցում է գիտական նոր նախաձեռնության

Երևանում, Գյումրիում և Վանաձորում մեկնարկել է «Եվրոպական հետազոտողների գիշեր Հայաստանում» (European Researchers’ Night in Armenia) միջոցառումը, որն անցկացվում է «Գիտությունը՝ քաղաքացիների համար, քաղաքացիները՝ գիտության․ դիմակայելով մարտահրավերներին՝ կերտենք ապագան», ինչպես նաև «Գիտությունն ավելի մոտ է, քան կարծում ես» կարգախոսներով։

Սեպտեմբերի 25-26-ը  տեղի ունեցող երկօրյա միջոցառմամբ ամփոփվում է նաև ԿԳՄՍՆ և ԳԱԱ աջակցությամբ իրականացվող «Գիտության շաբաթ․ Հայաստան 2026» ծրագիրը:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը ներկա են եղել միջոցառման  շրջանակում անցկացվող գիտության փառատոնին, որը կազմակերպվել էր ԳԱԱ-ում։ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Աշոտ Սաղյանի ուղեկցությամբ նրանք շրջել են տաղավարներում, զրուցել այցելու դպրոցականների ու մասնակից կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:

«Տարեսկզբին հաստատված ՀՀ գիտության ոլորտի զարգացման 2026-2030 թթ. ռազմավարական ծրագրում առանձին ուղղություն են գիտության հանրայնացումն ու դպրոցահասակների համար գիտական գործընթացները, գիտության աշխարհն ավելի հասանելի և մոտ դարձնելը: Եվ այսպիսի միջոցառումներն ուղղված են հենց այդ նպատակին: Վստահ եմ՝ դրանք կարևոր ազդեցություն են թողնում մեր երեխաների մասնագիտական կողմնորոշման, բնագիտական առարկաներն ավելի լավ յուրացնելու և սովորելու ցանկության, հետաքրքրասիրության աճի վրա»,-ասել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ հավելելով, որ այս աշխատանքը պետք է լինի շարունակական: Նա կարևորել է տարբեր գործընկերների համագործակցությունը՝ միջոցառումը դիտարկելով նաև որպես լրացուցիչ հարթակ միջազգային կապերի զարգացման ուղղությամբ:

«Հույս ունեմ, որ այս միջոցառումը խթան կհանդիսանա, որ դպրոցականները, երիտասարդներն իրենց ուժերը կենտրոնացնեն կրթության և հետազոտությունների ուղղությամբ, և այն նրանց ավելի կմոտեցնի ակադեմիական շրջանակներին»,- նշել է ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը։

Գիտության փառատոնին մասնակցում են ավելի քան 50 կազմակերպություններ: Նրանք այցելուների համար կազմակերպում են կենսատեխնոլոգիայի, քիմիայի, ֆիզիկայի, կենսաբանության, արհեստական բանականության, տիեզերագիտության, ճարտարագիտության, շրջակա միջավայրի պահպանության, թվային նորարարությունների, հումանիտար և հասարակական գիտությունների վերաբերյալ գիտական և կրթական ինտերակտիվ միջոցառումներ, լաբորատոր ցուցադրություններ, պանելային քննարկումներ։

Առանձնակի կարևոր է նաև ծրագրի «Հետազոտողները դպրոցներում» բաղադրիչը։ Այն նախատեսված է ամբողջ տարվա համար․ գիտնականները հանդիպում են աշակերտների հետ, պատասխանում նրանց հարցերին, միասին քննարկում ու փորձարկում գաղափարներ։

Ամեն տարի «Եվրոպական հետազոտողների գիշեր» միջոցառումը կազմակերպվում է միաժամանակ Եվրոպայի և նրա սահմաններից դուրս գտնվող հարյուրավոր քաղաքներում։ Այս գիտական տոնը Հայաստանում տեղի է ունենում առաջին անգամ:

ՀՀ ԳԱԱ ներկայացրած նախագիծն իրականացվում է Եվրամիության «Հորիզոն Եվրոպա» ծրագրի «Մարի Սկլոդովսկա-Կյուրի գործողությունների» ենթածրագրի շրջանակում՝ ԿԳՄՍ նախարարության և այլ կառույցների հետ համագործակցությամբ․ գործընկեր կառույց է «Գիտուժ նախաձեռնությունը:  «Եվրոպական հետազոտողների գիշերը» կդառնա շարունակական և կանցկացվի նաև 2027 թվականին։

  • Կիսվել: