ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Շառլ Միշելն առաջարկել է քայլ առ քայլ մոտեցում, որը կապահովի Լաչինի միջանցքի լիարժեք շահագործում, այնուհետև Աղդամի ճանապարհի բացում

Շառլ Միշելն առաջարկել է քայլ առ քայլ մոտեցում, որը կապահովի Լաչինի միջանցքի լիարժեք շահագործում, այնուհետև Աղդամի ճանապարհի բացում

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի գրասենյակից հայտարարություն են տարածել հայ-ադրբեջանական հարաբերությունների, Լեռնային Ղարաբաղի իրավիճակի և Լաչինի միջանցքի շրջափակման վերաբերյալ: Հայտարարության մեջ նշվում է.

«Նախագահ Միշելը շարունակել է ակտիվորեն ներգրավված լինել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի առաջմղման գործում: Վերջին շաբաթների ընթացքում նրա ջանքերը՝ Հարավային Կովկասի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի աջակցությամբ, որպես առաջնահերթություն կենտրոնացած էին Ղարաբաղի հայերի հումանիտար իրավիճակի հասցեագրման վրա:

Հարավային Կովկասի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Կլաարը և նախագահ Միշելի թիմը սերտ կապի մեջ էին Բաքվի, Երևանի և Ղարաբաղի հայերի ներկայացուցիչների հետ՝ մուտքի ապաարգելափակման համար լուծում մշակելու նպատակով։

Ներկայումս տեղում հումանիտար իրավիճակը արագորեն վատթարանում է. տեղի բնակչության կարիքների հասցեագրմանն ուղղված քայլերը հրամայական են:

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելն առաջարկել է քայլ առ քայլ մոտեցում, որը կապահովի Լաչինի միջանցքի լիարժեք շահագործում, այնուհետև Աղդամի ճանապարհի բացում։

Քայլերի այս հաջորդականությունը և բեռների տեսակը, որը կմատակարարվի այս ճանապարհներից յուրաքանչյուրով, ինչպես նաև դրան հաջորդող ընթացակարգերը, եղել են վերջին քննարկումների առանցքում:

ԵՄ-ն խորապես համոզված է, որ Լաչինի միջանցքը պետք է ապաշրջափակվի՝ նախկին պայմանավորվածությունների և Արդարադատության միջազգային դատարանի որոշման համաձայն, և նշում է, որ մատակարարումների համար Աղդամի ճանապարհի օգտագործումը կարող է լինել հրատապ և ամենօրյա կարիքների բավարարմանն ուղղված հստակ և կայուն լուծման մաս: Այս տարրերի շուրջ քննարկումները սկսվել են 2023 թվականի հուլիսի 15-ին Բրյուսելում ղեկավարների վերջին հանդիպումից հետո։

ԵՄ-ն նաև ընդգծել է, որ Բաքուն պետք է հստակություն մտցնի Ղարաբաղի հայերին Լաչինի միջանցքով դեպի Հայաստան և հետ տեղաշարժի ընթացակարգերի առումով:

Միևնույն ժամանակ քննարկումները կենտրոնացել են նաև Ղարաբաղի հայերի համար էլեկտրաէներգիայի և գազի մատակարարումների շուտափույթ վերականգնման վրա:

Ներկայիս իրավիճակից բացի, Եվրամիությունը  շեշտել է այս հակամարտության ժառանգությանն անդրադառնալու անհրաժեշտությունը՝ երկարաժամկետ կայուն լուծումը հեշտացնելու համար:

Բաքվի և նախկին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզում բնակվող հայերի ներկայացուցիչների միջև երկխոսությունն այս առումով էական կլինի։ Ղարաբաղի հայերի իրավունքներն ու անվտանգությունը պետք է երաշխավորվեն, իսկ կոնկրետ եղանակների շուրջ քննարկումները պետք է սկսվեն հնարավորինս արագ։

Բաքվի և Ղարաբաղի հայերի միջև երկխոսությունը պետք է ամրապնդի վստահությունն ու հավատը։ Այդ նպատակով ԵՄ-ն տարբեր առաջարկներ է ներկայացրել այս գործընթացին միջազգային աջակցության, ինչպես նաև ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանն աջակցելու նպատակով տեղում ներգրավվելու համար:

Վերոնշյալ բոլոր ջանքերը միայն մեկ նպատակ ունեն՝ ապահովել Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների անշրջելի կարգավորումը՝ ի շահ տեղի բոլոր ժողովուրդների։ Այժմ եկել է խիզախ փոխզիջումային լուծումների ժամանակը՝ հաշվի առնելով նաև այսօրվա էսկալացիան:

Այս ջանքերի հետ կապված Եվրամիությունն այլ միջազգային դերակատարների հետ կանոնավոր անձնական շփումների և կարծիքների փոխանակման մեջ է եղել՝ ներկա անկայուն իրավիճակը լավագույնս հասցեագրելու համար»:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: