ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Սամվել Բաբայանի «բոնապարտիզմի» թեմայի գեներացումը հաստատ Արցախի շահերից չի բխում. քաղաքագետ

Սամվել Բաբայանի «բոնապարտիզմի» թեմայի գեներացումը հաստատ Արցախի շահերից չի բխում. քաղաքագետ

«Հրապարակը» հղում անելով իր արցախյան աղբյուրների վրա գրել է «Սամվել Բաբայանը պետության մեջ պետություն է կառուցում»:

Անդրադառնալով այս հոդվածին քաղաքագետ Վահրամ Աթանեսյանը գրում է.

«Այդ աղբյուրները, չգիտես ինչու, անցյալ ամռանը, երբ Սամվել Բաբայանը սահմանադրական փոփոխությունների պահանջով ստորագրահավաք էր նախաձեռնել, հակակշիռ քայլ չձեռնարկեցին: Թեեւ ոչ միայն կարող էին, այլեւ՝ պարտավոր էին, քանի որ խոսքն Արցախի ինքնիշխանության մասին էր: Ինչո՞վ էր պայմանավորված այդ լռությունը՝ խորքային վերլուծության թեմա է:

Ներկայումս գործ ունենք քաղաքական ռեալ իրավիճակի հետ. Բաբայանի գլխավորած «Միասնական հայրենիքը» խորհրդարանական ընտրություններում ստացել է պատգամավորական 9 մանդատ, խորհրդարանի բոլոր տեղերի գրեթե մեկ երրորդը: Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնում նրա նշանակումն, ըստ այդմ, միանգամայն տրամաբանական է: Հակառակ դեպքում գործ կունենայինք կոշտ դիմակայության հետ: Ինչպես ասում են՝ արտառոց ոչինչ տեղի չի ունեցել: Մանավանդ որ Անվտանգության խորհուրդն Արցախի սահմանադրությամբ նախագահին առընթեր խորհրդակցական մարմին է: Սրանով ամեն ինչ ասված է:

Որպեսզի վերոնշյալ հրապարակման ուրվագծած պատկերն իրականություն դառնա, հարկ կլինի սահմանադրական փոփոխություններ կատարել՝ Անվտանգության խորհրդին օժտել կառավարման մարմնի, նրա քարտուղարին՝ պետական գործառույթներ իրականացնելու լիազորություններով: Քաղաքական դաշտում նման քննարկումներ, կարծես թե, չեն ընթանում: Ու՞մ է ձեռնտու Սամվել Բաբայանի «բոնապարտիզմի» թեմայի գեներացումը՝ մնում է ենթադրել: Բայց դա հաստատ Արցախի շահերից չի բխում»:

  • Կիսվել: